Թուրքիայի անդամակցումը վատագույն սցենարն է ԵՄ-ի համար. Սարկոզի
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալը և Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եվրոպական հանրության զարգացման համար վատագույն սցենարն է դարձել: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին՝ «Le Monde»-ին տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «Ես կտրականապես դեմ եմ Միացյալ թագավորության՝ ԵՄ-ի կազմից դուրս գալուն: Վատագույնը, ինչ կարող է տեղի ունենալ, Թուրքիայի անդամակցումն է: Դա ահռելի սխալ կլիներ»,- հայտնել է քաղաքական գործիչը: Բացի այդ, նախկին նախագահը քննադատել է փախստականների վերաբերյալ համաձայնությունը, որը կնքվել է ԵՄ-ի և Թուրքիայի միջև: Նրա կարծիքով՝ Եվրոպան «չի կարող վստահել թուրքական կառավարությանը, որը գնալով ավելի շատ է մոտենում բռնապետական ռեժիմին»: Ավելի վաղ Սարկոզին հայտնել էր, որ Թուրքիայի՝ ԵՄ-ին միանալու հեռանկարը հակասում է առողջ մտքին, և Ռուսաստանը ավելի շատ կարող է համարվել եվրոպական երկիր:
