Ծայրահեղ դեպքում Կրեմլը պատրաստ է որոշակիորեն փոխել բանակցությունների ձևաչափը. Զարդուշտ Ալիզադե
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հայտարարել է, որ դրական արդյունքներ չի ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունից: «Ես որևէ կոնկրետ դրական բան չեմ ակնկալում բանակցություններից: Բանակցությունների նպատակը հասկանալի է՝ սառեցնել հակամարտությունը և խնդրի էությունը թողնել անփոփոխ: Նման դիրքորոշման է ձգտում նաև Ռուսաստանը»,- ասել է Ալիզադեն: Ինչպես ասել է՝ ծայրահեղ դեպքում Կրեմլը պատրաստ է որոշակիորեն փոխել բանակցությունների ձևաչափը: Ալիզադեն զուտ խոսակցություններ է որակել «Ադրբեջանին մի շարք տարածքներ վերադարձնելու» մասին տեղեկությունները: Նա կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտությանը հեռանկարում կարող է սպասվել արաբա-իսրայելական խնդրի ճակատագիրը, որը չի լուծվում մոտ 70 տարի:
