800 հազար հեկտար անվտանգության գոտուց կորցրել ենք 800 հեկտարը.Ս.Սարգսյան
«Հայկական զինված ուժերը որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար ու կորցրել են 800 հեկտարի չափով տարածք: Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, գոյություն ունի նաև գնահատական: Եթե դու ինչ-որ մի բան կորցերել ես, այդ մի բանն՝ ի՞նչ նշանակություն ունի, ռազմավարական նշանակություն ունի՞, մարտավարական նշանակություն ունի՞ թե ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն: Եթե զուտ մետրով չափենք՝ պիտի ասեմ հետևյալը, հայկական ուժերը որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ՝ դա մեկ հազարերորդն էլ չկա», - Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն,ասել է նա և հավելել. «Զուտ հոգեբանական առումով՝ այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են: Ուզում եմ մի համեմատություն անեք՝ 800 հեկտարի և յուրաքանչյուր հեկտարի համար մեկ զոհ, երկու վիրավոր: Ճիշտ թվերը միայն իրենք գիտեն: Բայց նույնիսկ եթե կես զոհ, մեկ վիրավոր՝ էլի շատ է: Համեմատեք, տեսեք, այդ 800 հազար հեկտարը գրավելու համար ինչքա՞ն զոհ պիտի տային»: Նա հավաստիացրել է, որ հայկական զինված ուժերն ի վիճակի էին վերականգնել ստատուս քվոն: «Մենք ի վիճակի էինք, բայց ընտրության խնդիր էր՝ արդյոք արժե՞ր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35, 45 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու: Երևանում սրճարանում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես ադպիսի մարդկանց առաջարկում եմ՝ իրենք գնան վերցնեն և ոչ թե ուրիշներին խորհուրդ տան», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:
