Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը նոր ճգնաժամ կարող է առաջացնել Գերմանիայի ու Թուրքիայի միջև. թուրքական մամուլ
Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի օրակարգում կհայտնվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Դա կարող է ևս մեկ ճգնաժամ առաջացնել Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերություններում՝ հաշվի առնելով, որ ներկայումս սպառնալիքի տակ է դրվել միգրացիոն գործարքի շրջանակներում Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմը վերացնելու հարցը: Գերմանիայի խորհրդարանի կայքում տեղ գտած համապատասխան նախագծում 1915 թվականի դեպքերի վերաբերյալ օգտագործված է «Ցեղասպանություն» եզրույթը: Ընդ որում՝ բանաձևի վերնագրով նշված է Օսմանյան կայսրությունում ոչ միայն հայերին, այլև քրիստոնյա այլ ժողովուրդներին ցեղասպանության ենթարկելու մասին: Բանաձևի ամբողջական անվանումը հետևյալն է. «101 տարի առաջ հայերի ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ կատարված ցեղասպանության հիշատակում ու ոգեկոչում»: Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ բանաձևը շատ կզայրացնի Թուրքիային, սակայն Գերմանիայի խորհրդարանը «վիզ չի ծռի» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շանտաժների առջև: Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն արդեն իսկ հանդես է եկել բանաձևը չընդունելու մասին համապատասխան զգուշացմամբ:
