Ադրբեջանը մարսել է իր սանձազերծած ագրեսիան. Ժիրայր Սեֆիլյան
Վիեննայի հանդիպումներն «արձանագրեցին», որ Ադրբեջանը մարսել է իր սանձազերծած ագրեսիան ու մեր տարածքների զավթումը, ուստի շարունակելու է զինվել և սողացող պատերազմի իրար հաջորդող ալիքներով ավարտին հասցնել մեզ ոչնչացնելու իր ծրագիրը: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել «Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։ «Այս պահին ամենավտանգավոր քայլը, որ կարող է անել հայությունը, զգոնությունը կորցնելն է օտար ուժեղների անորոշ ու դատարկ խոստումների ազդեցությամբ: Ցավոք, նման միտումներ արդեն նշմարվում են: Շատ վտանգավոր կլինի, եթե բանակը բերվի սովորական ռեժիմի, քանի որ դրան կհետևի հակառակորդի հերթական և ավելի հզոր հարվածը: Մենք հավելյալ արյուն և տարածքներ չունենք հաջորդ վիեննաներին մատաղ անելու համար: Դրա փոխարեն պետք է պատրաստվել մերօրյա Սարդարապատին»:
