Նախարարություններում խուճապ է
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը,կապված կոռուպցիայի դեմ պայքարի և հատկապես պետապարատի կազմի կրճատման , պետական ծախսերի կրճատման և օպտիմալացման մասին լուրջ մտահոգություններ և խուճապ է առաջացրել գերատեսչություններում: Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով ,բոլոր նախարարներին,գերատեսչությունների ղակավարներին հրահանգ է տրված ներկայացնել ինչպես աշխատակազմի,այնպես էլ ծախսերի կրճատումների ցանկը: Եվ, ըստ այդմ, այս օրերին լուրջ քննարկումներ են գնում, ինչն էլ բնականաբար լուրջ մտահոգություններ է առաջացրել ոլորտում: Հիշեցնենք,որ կառավարության նախորդ նիստի ընթացքում Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր արել,որի թիրախում կոռուպցիայի դեմ պայքարն է: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. Վերոնշյալ հարցի առնչությամբ նա մասնավորապես ասել էր. Վեր են հանվել մի շարք տեսանելի խնդիրներ և մշակվել դրանց լուծման ուղիները, որոնց վերաբերյալ ցանկանում եմ այսօր հնչեցնել որոշ մոտեցումներ: Առաջինը: Թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողու¬թյուններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը: Երկրորդ: Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչև 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաև տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Ակնկալում եմ պետական մարմինների սթափ և նշված հանգամանքներով պայմանավորված իրատեսական և էական առաջարկություններ: Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած և համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձևավորելու մասին: Կարծում եմ, որ այս մոտեցումը կորդեգրեն նաև իշխանության այլ ճյուղերի մեր գործընկերները:
