Մի քիչ կփնթփնթան, է դիմացեք, իշխանություն եք. Բագրատյանը՝ Քոչարյանին
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին նախագծի քննարկման ժամանակ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ փոխանցում է կառավարության կարծիքը, ըստ որի պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության անվտանգությունը: «Սա է մեր հիմնական նպատակը, եւ մեզ համար շատ կարևոր է ԼՂՀ անկախությունը: Դա անհրաժեշտ պայման է անվտանգության համար, բայց ոչ պարտադիր: Այս ենթատեքստում ենք մենք դիտարկում նաեւ ճանաչման խնդիրը: Այս պարագայում այդ ենթատեքստով դիտարկելով՝ կառավարությունը գտել է, որ հիմա դա չպետք է արվի»,- ասաց նա: Հրանտ Բագրատյանն էլ արձագանքեց. «Եթե դուք ինձ համոզեիք, որ ավելի խելացի բան եք ասում, ես կզիջեի, բայց դուք ավելի խելացի բան չեք ասում: Ճանաչելով մենք ոչինչ չենք կորցնելու, մի քիչ կփնթփնթան, է դիմացեք, իշխանություն եք: Սրանով ցույց կտանք, որ միասին ենք, ուժեղ ենք: Մի քանի երկրներ կան, որոնք հակված են ճանաչելու, բայց ասում են՝ բա դուք: Մեզանից պետք է սկսենք: Ես մարգարե չեմ, կարող է դուք եք ճիշտ, բայց ձեր ոչ ճշտի դեպքում մենք կարող ենք քաշվել»:
