«Հավաքվել եք, ասում եք՝ Մանվել Գրիգորյանն ինչ-որ մեկին հայհոյել է». Վահրամ Բաղդասարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ԼՂՀ պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի այն հայտարարության մասին, թե գեներալ Մանվել Գրիգորյանը պատերազմական տարիներին Արցախում զբաղված է եղել թալանով,լրագրողների հետ զրույցում հայտարարեց.«Վահան Բադասյանը պետք է զգույշ արտահայտվի Արցախի հերոսի վերաբերյալ հայտարարություններ անելուց»: «Եթե մարդիկ հայտարարություն են անում, պետք է պատասխանատվություն կրեն և իմանան` ում մասին ինչ հայտարարություն են անում:Ծանոթացեք գեներալ Մ. Գրիգորյանի ռեժիմին այս ապրիլյան պատերազմից հետո: Առավոտից իրիկուն նրա քնելաժամանակն օրական 3-4 ժամ է, և նա կարգավորում է բոլոր խնդիրները: Նա երիտասարդացել է, հիշել է 90-ականները և պայքարում է»,-հայտարարեց նա: Ըստ Վ. Բաղդասարյանի՝ նման բան լինել չէր կարող և կարծում է՝ այս օրերին պետք է միայն դրականը տեսնել. «Հավաքվել եք, ասում եք՝ Մանվել Գրիգորյանն ինչ-որ մեկին հայհոյել է: Լավը տեսեք, դրականը տեսեք: Գնացեք մի հատ ուսումնասիրեք Մանվել Գրիգորյանյանի առօրյան»: Հիշեցնենք, որ ըստ Վ. Բադասյանի՝ օրեր առաջ Մանվել Գրիգորյանը Հադրութով անցնելիս կանգնել և հայհոյել է զինվորականներին, ովքեր մեքենայով անցնելիս են եղել նույն ճանապարհով, որով անցնում էր Մ. Գրիգորյանը:
