Ալիևի հետ հանդիպման գնալը մեծ զիջում է. Արա Պապյան
« Լարվածությունը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կշարունակվի։ Սակայն Ղարաբաղի հարցն Ադրբեջանի համար զուտ պատրվակ է։Իրենց համար արդեն սահմանից հայկական զորքերի դուրսբերման հարցն է դրված։ Խնդիրը հիմա շատ պարզ է. կամ մենք ենք ոչնչացնում Ադրբեջանին, կամ ինքը մեզ։ Տվեք ամբողջ Ղարաբաղն Ադրբեջանին, նա էլի չի հանգստանա և կուզի Զանգեզուրը»,-հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Ամեն ինչ պետք է արվի՝ Ադրբեջանին պատերազմ վարելու հնարավորությունից զրկելու համար։ Պետք է նավթի և գազի արտահանման հարցին ուշադրություն դարձնել, աշխատանք տանել այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների հետ:Ամենայն հավանականությամբ, Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա:Բայց արդյունք, չեմ կարծում՝ լինի։ Ասեմ նաև, որ մեծ զիջում է այդ հանդիպմանը գնալը»,-շեշտեց նա։ «Երկրի ներսում էական փոփոխություններ պետք է արվեն, և դա իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը ստիպված է անելու և կանի։ Ցանկացած պարտություն Ղարաբաղի ճակատում վերջ է ոչ միայն Սերժ Սարգսյանի անձնական իշխանության, այլ շատ ուրիշ բաների։ Պարտված բանակը եթե նահանջեց, ինքը չի կանգնելու մյուս գծի վրա։ Նրա առնվազն մի մասը գալու է Բաղրամյան 26։ Սերժ Սարգսյանը պետք է բարելավի երկրի վիճակը, մաքրել բանակը և պատժել։ Ի՞նչ է նշանակում աշխատանքից ազատել. Մարդիկ թալանել են բանակը, սխալ են կազմակերպել շատ բաներ»,կարծիք է հայտնում բանախոսը:
