Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև. հանդիպման օրը հայտնի է
Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առաջիկա օրերին այցելելու է Սաուդյան Արաբիա, Ավստրիա, Բելգիա, Բուրմա և Վիետնամ: Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղարը մայիսի 16-ին գտնվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որտեղ նախատեսված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ ԱՄՆ պետքարտուղարին ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ընկերակցելու են նրա ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերները։ Հիշեցնենք, որ ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցման՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովը՝ Ռուսաստանից, Ջեյմս Ուորլիքը՝ ԱՄՆ-ից, և Պիեռ Անդրիոն՝ Ֆրանսիայից, նախկինի նման լիովին հավատարիմ են Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման միջնորդությանը: Բանակցություններում որևէ հաջողության մասին խոսք լինել չի կարող, եթե բռնությունը շարունակվի, և չի կարող լինել որևէ խաղաղություն առանց բանակցային գործընթացի: Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ գոյություն չունի հակամարտության ռազմական լուծում»:
