ՌԴ նախագահը հայտարարում է
Ռուսաստանը չի պատրաստվում սպառազինության նոր մրցավազքի մեջ ներքաշվել, սակայն կկանգնեցնի ցանկացած սպառնալիք: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով Ռումինիայում նախօրեին տեղի ունեցած նոր ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի բացումը: Ռուսաստանյան Առաջին ալիքի հաղորդմամբ` այսօր նախագահն արդեն այս շաբաթ զինվորական հարցերով 4-րդ խորհրդակցությունն է անցկացրել, որում խոսվել է նաև ԱՄՆ գործողությունների մասին: Պուտինն ընդգծել է, որ Վաշինգտոնը արդեն վաղուց է փորձում խախտել ռազմավարական հավասարակշռությունը աշխարհում: Նրա խոսքով` Ռումինիայում կայանի շահագործումը իրավիճակի սրման նշան է: «Ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը Ռումինիայում խախտում է միջազգային հավասարակշռության համակարգը: Դա մարտահրավեր է, որին մեր երկիրը ստիպված կլինի համարժեք պատասխան գտնել», - ասել է ՌԴ ղեկավարը:
