Որևէ մեկը կոռուպցիայի դեմ պայքարի համար փող պարոն Սվիտալսկուց չի ակնկալում.Դավիթ Հարությունյան
«Երկրում կաշառակերության դեմ պայքարում քայլեր արվում են : Վատը մեր աչքին արագ է երևում և դա լավ է։ Բայց ասել, որ աշխատանք չի կատարվում, դա սխալ կլինի»,-հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Այն, ինչ ասել է վարչապետը, հետևյալն է. դա բավարար չէ, պետք են նաև այնպիսի քայլեր, որոնք թույլ են տալիս միանգամից տեսնել շոշափելի արդյունք։ Ընդհանուր իրավիճակի բարելավումը ճիշտ ուղղություն է, պետք է շարունակել»,-անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը ասաց Դավիթ Հարությունյանը: Հարցին, թե ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար կառավարությանը գումար չի տրամադրվի, քանի դեռ շոշափելի արդյունքներ չկան, պաշտոնյան ասաց. «Որևէ մեկը կոռուպցիայի դեմ պայքարի համար փող պարոն Սվիտալսկուց չի ակնկալում, եթե նա այդպիսի բան է ասել։ Կոռուպցիայի դեմ պայքարն ամենևին չի շաղկապվում Եվրամիության տված փողերի հետ։ Կոռուպցիայի դեմ պայքարն ինքնին փող չի պահանջում»։
