Միհրան Պողոսյանը ո՛չ դեղատան տնօրեն էր, ո՛չ էլ գիտնական.Վ.Այվազյան
Ցանկացած հայտարարություն ապացուցվում է իրականացվող գործերով: Եթե սահմանված ժամանակամիջոցում արդյունքներ չեն լինում, համապատասխան գնահատականներ են տրվում,Հայելի ակումբում լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի երեկվա ելույթին: Նա հայտարարեց, որ ինքը չի վախենում, որ ստուգումներն սկսեն հենց իրենից. «Օրինակ՝ ե՞ս էլ պետք է վախենամ, որ քվեարկելիս ինչ-որ մեկի խաթրին հանկարծ չկպնեմ: Եթե ինչ-որ մեկը վախենալու է, ուրեմն նա պետք է թողնի այդ գործը: Ես դեմ չեմ եղել ստուգման, որ վերահսկողության մեխանիզմներ լինեն ու սկսեն ինձնից: Կախելու գործ լինի մեր երկրում, բոլորին կկախեն՝ միայն կոլոտ մարդ լինի, թեեւ բոյովներին առաջինը կկախեն: Չեք կարող վրա տալ, պապաներիդ բռնել կտան»: Այվազյանը նաեւ վստահեցրեց՝ ինքը դղյակներ չունի, մեծ հարստություն էլ չունի ու այդ մասին է վկայում նաեւ ամերիկյան դատարանում շահած իր գործը. «Պետք չէ անցնել վհուկների որսի: Իմ կինը հարուստ չէ, ես չգիտեմ՝ ում կնոջ մասին եք խոսում: Ես դրսից եմ փող բերել ու հարստացել, այլ ոչ թե ներսից գողացել: Գտի մեկին, որ դրսից երկու կոպեկ փարա է բերում ու հարստանում»: Անդրադառնալով պանամական օֆշորներին՝ Վարդան Այվազյանը նշեց, որ եթե ինչ-որ դեղատան տնօրենի կամ գիտնականի անձնական տվյալները հայտնվել են այդ փաստաթղթերում, դեռևս չի նշանակում է, որ իրական մեղավորներ են հայտնաբերվել: «Պետք չէ սլաքներն ուղղել այդ տեսակ մարդկանց՝ իրական մեղավորներին թողնելով ստվերում: Իսկ Միհրան Պողոսյանը ո՛չ դեղատան տնօրեն էր, ո՛չ էլ գիտնական: Խոսքս սրան է վերաբերում: Պատասխանատվության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր ինչ-որ իրավասություններ են ունեցել»,- նշեց բանախոսը:
