Տիգրան Սարգսյանի ժամանակ ասում էի՝ նրան փոխարինողը ավելի վատը չի կարող լինել.Գուրգեն Եղիազարյան
«Այս հայտարարությունը լրջագույնս եմ համարում, ու մեր նորագույն պատմության մեջ՝ նոնսենս, բաց տեքստով ամեն ինչի մասին խոսվում է վարչապետի մակարդակով: Փոքրիկ ՀՀ-ում մենք գիտենք՝ ինչն ինչպես է տեղի ունենում: Ես հիմա հայտ եմ ներկայացնում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ստուգել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, որը մոնոպոլիստ է եւ սահմանի վրա նստած լափում է Վրաստանից ներմուծվող անվադողերը, որոնք ավելի թանկ գներով են վաճառվում ՀՀ-ում, քան Վրաստանում: Ես ողջունում եմ վարչապետի այս համարձակ հայտարարությունը: Մենք հիմա ունենք հրեշավոր թշնամի՝ ոչ այնքան Ադրբեջանը, որքան Արեւմուտքը»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը: «Պետք է հիշենք, որ ՀՀ-ն ոչ Ռիոն է, ոչ էլ Հոլանդիան, որ նախարարը աշխատանքի գնա հեծանիվով: Եթե ցանկանում են գործ ունենալ մոնոպոլիստների հետ ու բերել հարկային դաշտ, թող վերցնեն հինգ տարվա բոլոր ելքերն ու մուտքերը, եւ մի ամբողջ ոհմակի կարող են բերել, նստեցնել դատարանում: Ի դեպ, ի տարբերություն շատ մոլախոտերի, վարչապետը տարիներ առաջ արդեն հարուստ էր»,-հավելեց բանախոսը: Հարցին,թե ինչու է հանկարծ պարոն Եղիազարյանը սկսել գովել վարչապետին, նա պատճառաբանեց .«Դեռ նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ ասում էի՝ նրան փոխարինողը ավելի վատը չի կարող լինել: Վարչապետի այս հայտարարությունը հսկայական քայլ առաջ եմ համարում: Երբ ստուգումները անցկացվեն, ՀՀԿ-ն թող իմանա՝ վերքը, որ բացվի, ավելի խորն ու թարախակալած է լինելու: Թող իրավապահները ականջալուր լինեն վարչապետի հայտարարությանը ու արդյունքում կառավարման համակարգից հիսուն-վաթսուն տոկոսը կուղարկվեն Նուբարաշեն ՔԿՀ՝ հանգստանալու: Պետք է կուլակաթափ ասվածին գնալ, այն էլ՝ կամավոր»:
