Սպանվել է «Հըզբոլլահի» առաջնորդներից մեկը
Արմատական շիայական «Հըզբոլլահ» խմբավորումը հաստատել է իր առաջնորդներից մեկի՝ Մուստաֆա Ամիր Բադրեդինի մահը, ով զոհվել է Սիրիայի տարածքում, Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով խմբավորման հաղորդագրությանը։ Իսրայելական մամուլի հաղորդմամբ՝ ավիահարվածը հասցվել է շաբաթվա սկզբին Դամասկոսի օդանավակայանի մոտակա շրջանում, սակայն Իսրայելի իշխանությունները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանում այդ հաղորդագրությունները։ Հաղորդվում է, որ 55-ամյա Բադրեդինը եղել է «Հըզբոլլահի» հակահետախուզության ղեկավարը և խմբավորման երկրորդ մարդը՝ առաջնորդ Հասան Նասրալլայից հետո։ Նա հետախուզվել է Միջազգային քրեական դատարանի կողմից 2005 թվականին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության կազմակերպման և ռազմական հանցագործությունների մեղադրանքով։ Սիրիական ճգնաժամի սկզբին Բադրեդինը եղել է Սիրիայում Ասադի կողմից կռվող «Հըզբոլլահի» ստորաբաժանումների գլխավոր հրամանատարը։
