Թուրքական իրավապաշտպան խմբավորումը կոչ է անում պատժել
Թուրքիայի Մարդու իրավունքների ասցիացիայի ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի Ստամբուլի մասնաճյուղը նամակ է ուղղել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին` կապված մայիսի 2-ին խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ իրականացված հարձակման հետ: Կարո Փայլանը և «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության (ԺԴԿ) այլ անդամներ հարձակման են ենթարկվել Թուրքիայի մեջլիսի մյուս պատգամավորների կողմից: Փայլանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) անդամն անձամբ իր կողմն է ցույց տվել, որին հաջորդել է կանխամտածված «ինքնադատաստանը», իսկ հարձակման պատճառը նրա հայ լինելն է: Asbarez-ը ներկայացնում է ստամբուլյան հանձնաժողովի գրած նամակը. «Հարգելի պարոն նախագահ, Մայիսի 2-ին Ազգային մեծ ժողովում ԱԶԿ-ի անդամների իրականացրած ֆիզիկական հարձակումը, որի հետևանքով ԺԴԿ-ի որոշ անդամներ վնասվածքներ են ստացել, հանգամանորեն բացահայտում է այս երկրում օրենքի գերակայության բացակայության մասին: Խորհրդարանի ԺԴԿ անդամների դեմ ինքնադատաստան հիշեցնող ֆիզիկական հարձակման նախաձեռնողներն աղաղակող հանցագործություն են կատարել այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում ԺԴԿ-ին դուրս թողնել քաղաքականությունից` ձերբակալելով պատգամավորներին և զրկելով ժողովուրդների ներկայացուցչության հնարավորությունից: Այս հարձակումը դրսևորումն է նաև ռասայական ատելության: ԺԴԿ անդամ Կարո Փայլանի հասցեին ֆիզիկական բռնության ժամանակ նաև ռասայական վիրավորանքներ են հնչել` շեշտելով նրա հայ լինելը: Նրան ուղղված վիրավորանքների հեղինակները ոչ միայն ցուցադրել են իրենց ռասիստական էությունը, այլև Կարո Փայլանին դարձրել են ռասիստական հարձակումների թիրախ: ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման մասին միջազգային կոնվենցիան, որն ընդունել է նաև Թուրքիան, թելադրում է կոնվենցիան ստորագրած պետությունների պարտավորությունները` կապված կանխման, հետաքննության, պատժի սահմանման և ռասիստական հարձակումների զոհերին փոխհատուցման հետ: Հարգելի պարոն նախագահ, Դուք մասնակից եք դառնում վերոնշյալ հանցագործությանը` ձեր օրակարգից բացառելով ռասայական հարձակումը, որը տեղի է ունեցել մայիսի 2-ին՝ այն դատապարտման չենթարկելով»:
