Միայն պատժելով որևէ հարց չի լուծվի.
Յուրաքանչյուր երկրի առողջապահության ոլորտում կարող են լինել արատավոր երևույթներ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը: «Վարչապետի մատնանշած երևույթներն ակնառու են և ամեն ինչ անելու ենք դրանք վերացնելու ուղղությամբ: Դրանք վերաբերում են ինչպես դեղերի շրջանառությանը, այնպես էլ այլ երևույթների: Դեղերի շրջանառությունն արդեն հստակեցվում է օրենքով: Որակի հետ կապված չափագրման աշխատանքները ևս կանոնակարգվում են, որոնք կնվազեցնեն այդ ռիսկերը», - նշեց Ա.Մուրադյանը: Նա նաև ընդգծեց, որ որ մինչև օրս կոռուպցիոն ռիսկերը զրոյացնել որևիցե երկրի չի հաջողվել, բայց նվազեցնել հնարավոր է: «Քիչ չափագրված դաշտում միշտ էլ կոռուպցիոն ռիսկերը բարձր են լինում, որոնք հիմնականում նույնականացվում են բժիշկների հետ, հատկապես կաշառակերությունը, բայց այդպես չի կարելի: Ես համոզված եմ, որ առողջապահության համակարգում այդ ռիսկերը կապված են ցածր չափագրված դաշտի հետ, սակայն մենք մեծ ինտենսիվությամբ փորձում ենք այդ բացթողումը լրացնել և հնարավորինս արագ չափագրել: Միայն պատժելով որևէ հարց չի լուծվի: Նորմատիվային դաշտը պետք է այնպիսի կարգավիճակ ունենա, որ չարաշահումներ կամ կոռուպցիա չլինի», - ասաց նախարարը:
