«Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված շրջանները»
«Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, որն արտայահայտվում է այդ հարցում, մենք քաջ տեղյակ ենք: Կարող են լինել տարբեր շեղումներ, արտահայտություններ, ու մենք պարտավոր չենք ամեն ինչին պատասխանել»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանատան աշխատակցի այն հայտարարությանը, թե քանի դեռ Հայաստանն Արցախը չի ճանաչել, ռուսական զենք Արցախ չի կարող գնալ: Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, թե՝ ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ դրան պատասխանող այլ ատյաններ կան, որոնց առջև այդ հարցերը բարձրացվում են: Խոսելով հայտարարության մասին, որ բանակցություններն ընթանալու են տարածքների զիջում կարգավիճակի դիմաց, Շավարշ Քոչարյանն ասաց. «Եթե խոսքը գնում է Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք գաղտնազերծված են երեք համանախագահող երկրների հինգ հայտարարություններով, ապա ակնհայտ է, որ խոսքը գնում է և՛ տարածքների մասին, և՛ կարգավիճակի մասին: Շատ կարևոր է արձանագրել հետևյալը, որ Ադրբեջանը փորձում է այդ ամբողջ փաթեթից դուրս բերել… դա նաև երեկ Գերմանիայում գտնվելիս Մամեդյարովի հայտարարությունն էր. իր պատկերացմամբ՝ խնդիրը լուծվում է՝ տարածքներ վերադարձնելով, և այլն, և այլն: Այսինքն՝ շատ կարևոր է արձանագրել հետևյալը՝ մինչև տարածքային հարցեր առաջ քաշելն Ադրբեջանը պարտավոր է առնվազն, եթե այդքան կարևորում է այդ հարցը, վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը»:
