«Ակցենտով մեկն էր խոսում, կողքից ադրբեջաներեն խոսակցություն էր լսվում. հետո անցավ ռուսերենի, ասելով, որ հիմա կսպանի Սուրոյին»

karabakh-open.info. «Հասնեք, առաջին պատահած անցորդից հարցրեք, թե որն է տումեցի Սուրոյենց տունը՝ ցույց կտան»,- ընկալուչի մյուս կողմից լսվում է Արեւիկի ձայնը։ Հասնում ենք Հադրութ, թե առաջին, թե երկրորդ եւ թե երրորդ պատահած անցորդները տխուր հառաչում են, բացատրում ինչպես հասնել Սուրոյենց տուն ու ափսոսանքով, գլխիկոր շարունակում ճանապարհը։ Սուրեն Մելքումյանն ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից է։ Արդեն 10 տարի է Մելքումյանների ընտանիքն ապրում է Հադրութում։ Փոքրիկ ծառայողական բնակարանից ներս մեզ դիմավորում է Արեւիկը՝ 4 որդիների հետ։ Փոքրիկ հյուրասենյակի կենտրոնական մասում այսուհետ Սուրենի անկյունն է՝ մեծադիր նկարը, գլխարկը, մանուշակներ։ «Սուրոյի միակ սիրելի ծաղիկներ են, ո՞վ կիմանար, որ հետո իր նկարի մոտ պետք է դնեմ»,-ասում է Արեւիկը։ Արեւիկն ու Սուրենը ծանոթության պատմություն չունեն, երկուսն էլ Տումի գյուղից են, հաճախել են նույն մանկապարտեզը, սովորել նույն դասարանում, ուսումը շարունակել Երեւանում, Սուրենը՝ Վազդեն Սարգսյանի անվան ինստիտուտում /այն ժամանակ վարժարան/, Արեւիկը՝ բժշկական քոլեջում։ Ո՞վ կիմանար, որ մանկության ընկերը կդառնար իր ամուսինն ու 4 որդիների հայրը։ «Չգիտեմ էլ ոնց ստացվեց, երբ արդեն պիտի նշանվեինք՝ ասացի, բայց ո՞վ ասաց, որ ես համաձայն եմ, ինքն էլ թե՝ բայց քեզ ո՞վ առաջարկություն արեց»,- արտասվախառը ժպիտով հիշում է Սուրենի կինը։ Գրեթե մի ողջ կյանք միասին ապրած ամուսիները միշտ էլ լավ ընկերներ են եղել, հասկացել իրար ու մտածել երջանիկ ծերության մասին։ «Մնացել էր մեկ ու կես տարի, պիտի զինվորական թոշակի անցներ, Տումիում հողամաս էր վերցրել, ասում էր կգնանք էնտեղ տուն կսարքենք, մեծ տուն, անասուններ կպահենք, բանջարանոց ու ինչքան ուզես ծաղիկ կաճեցնես։ Քաղաքն իրեն չէր ձգում․․․»,- իրենց այլեւս չիրականանալիք նպատակների մասին է պատմում Արեւիկը։ 7956 Կնոջ խոսքով Սուրենը հյուրասեր էր, խնջույքների սիրահար, մինչ մի հյուրը կգնար՝ հաջորդն էր գալիս, չէր հասցնում սեղանը հավաքել, այն ժամանակ Արեւիկն այլ կերպ էր նայում դրան, հիմա մտածում է, որ ճիշտն էլ հենց դա էր․ «Երեւի գիտեր, որ կարճ է ապրելու»,-ասում է նա։ Սուրենը երբեք տանը ծառայությունից չէր խոսում, բանակի թեման քննարկվում էր փակ դռներից այն կողմ։ «Մարտի վերջին ժենգյալով հաց էի թխել, իր զինվորական ընկերոջ հետ նստեցին հյուրասենյակում ու դուռը փակեցին, դռան մյուս կողմից միայն լսեցի, որ սահմանից են խոսում, ադրբեջանական մասի այլախոս զինվորականներից ու կատակում, որ դրանք սպիտակ բոտոսներ են հագնում»,- հավանաբար հենց այդ վարձկանների մասին էր խոսքը, մտաբերում է Արեւիկը։ Ապրիլի 1-ին ամուսնու հետ վերջին անգամ խոսեց, այն վառ համոզմամբ, որ հերթական հերթապահությունը նորմալ կանցնի ու ամուսինը ինչպես միշտ 10-անց կգա տուն, նորից ուշանալով ընթրիքից։ Բայց այդպես էլ չեկավ իր Սուրոն։ 7951 Սուրեն Մելքումյանը փոխանակվածների շարքում էր։ Սուրենի ընկերը՝ Արմեն Սեւյանն ապրիլի 4-ին վաղ առավոտից փորձում էր կապվել ընկերոջ հետ, սակայն չէր ստացվում ու հանկարծ Սուրենի համարից զանգ է ստանում։ «Մի պահ հանգստացա, ասացի ուրեմն ողջ է, բայց անծանոթի ձայնը զարմացրեց ինձ, հեռախոսի մյուս կողմից ղարաբաղյան բարբառով, բայց ակցենտով մեկն էր խոսում, կողքից ադրբեջաներեն խոսակցություն էր լսվում։ Հետո անցավ ռուսերենի, ասելով, որ հիմա կսպանի Սուրոյին»,- ադրբեջանցու հետ ունեցած խոսակցությունն է վերարտադրում Արմենը, հիշելով, որ հեռախոսի մյուս կողմից կրակոցների ձայն լսվեց, բայց համոզված է՝ օդում էր կրակում։ Արմենը չի հավատում որ իր «от души ախպերը» էլ չկա, հիշում է նրա հումորները․ «Մի բան, որ դուրը չէր գալիս ասում էր՝ «դաժան մի եղիր, խասյաթդ թող»։ Արմենի համար Սուրենի որդին՝ Հայկը փոքրիկ Սուրենն է․ «Շատ է նման, թե տեսքով, թե բնավորությամբ ու քայլվացքով»,-ասում է նա։ Ինչպես Արեւիկը, այնպես էլ իր որդիները անհայր կմեծանան, Արեւիկի հայրն էլ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է զոհվել։ «Կմեծանան, ամեն ինչ լավ կլինի, միայն Սուրոն չկա։ Հրայրը /փոքր տղան-հեղ․/ երեւի լավ չի հասկանում ինչ է կատարվում, բակում խաղալիս, պատահում է մեկը մի բան է ասում, լացելով վազելով տուն է գալիս, դրա համար չեմ ուզում բակ գնա»,-ասում է Արեւիկը։ 7957 Որդիներին Սուրենը զինվորականի պես էր դաստիարակում, տղաները պարտավոր էին հավաքել իրենց անկողիներն ու սենյակը։ Իսկ, երբ տղերքը չարաճճիություններ էին անում՝ ընկալուչի մյուս կողմից հայրը սաստում էր․ «Մի բառ ու վերջ, կարգ ու կանոնն ապահովված էր»,-հիշում է Արեւիկը։ Իսկ արդեն դրսում, Հայկը կիսվում է՝ «պապան ասում էր խելոք մնացեք, որ գամ լավ տեղ ենք գնալու»։ Իսկ լավ տեղը անտառն էր՝ հզոր ու անհաղթ։ Հայկը ցույց է տալիս իրենց տնից երեւացող անտառն ու ասում, որ հոր հետ բազմաթիվ անգամ եղել է այնտեղ։ Հիմա սաստող չի լինի, Արեւիկն առանց ամուսնու կմեծացնի իր հաղթանդամ տղերքին․ «Էն ժամանակ չէի մտածում, որ դժվար է 4 տղա մեծացնելը, Սուրոն խնդիրերի մեծ մասը լուծում էր»-ասում է նա։ Գրիգորը, Հայկը, Հարութը, մոր խոսքով, փոխվել են, ավելի հոգատար ու լսող են դարձել, իսկ փոքրիկ Հրայրը հաճախ գրկում է մորը, փսփսում ականջին։ 7950 Սուրոն նկարից նայում է կարծես գոհ ժպիտով․«Կյանքում էլ էր էդպես՝ միշտ շատ բարձր ծիծաղում էր, այնքան, որ ասում էի հարեւաններին կխանգարես»։ Իսկ այդ ծիծաղն էլ չի հնչի․․․ Ամուսնու մահվանից հետո զորամասում եղած նրա իրեր են բերել։ «Միշտ ասում էր Աստված չկա, բայց, պարզվում է, լավ էլ հավատում էր, իր գրասեղանին զորամասում Աստվածաշունչ կար, դասավորված գրքերի մեջ»,-ասում է Արեւիկը։ Աստվածաշունչը ընթեցված էր, էջանշանն էլ «Որոմների առակ»-ի կողքին․ «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու․․․»։ Զորամասից նաեւ մեկ այլ իր են բերել, կախովի լվացարան, կնոջը հայտնել են, որ դա Սուրենի համար թանկ էր․ «Պարզվում է, ժանգոտած լվացարանը ներկել էր, կախում էր իրեն հարմար տեղում եւ լվանում ձեռքերը։ Կոկիկ էր ու մաքրասեր։ Հիմա իր լվացարանը իր անկյունում կլինի»,-ասում է Արեւիկը։ 7955 Չորս որդիների մոր խոսքով՝ զինվորականի կին լինել նշանակում է կարգացուցակ ունենալ ու ամեն ինչ իր ժամին անել, հիմա Արեւիկը Սուրոյի նպատակներն է իրականացնելու․ «Ուզում էր էս սենյակը մեծացնել, որ մեծ հյուրասենյակ ունենանք։ Շինարարությունը պիտի գարնան վերջում սկսվեր։ Կանենք այնպես, ինչպես ինքն էր ուզում» ,- ասում է Արեւիկը ու ավելացնում, որ 10 տարվա իր հուշերն այդ ծառայողական բնակարանի հետ են կապված։ 7949 Խոսակցության վերջում Արեւիկը պատմեց իրենց բարեկամի հիշեցրած մի պատմություն։ «Չնայած Սուրոյին տարուկես էր մնացել ծառայության, բայց միշտ ասում էր՝ ես մի բան պիտի անեմ, որ ինձ միշտ հիշեն»,-ասում է Արեւիկը։ Արեց, շրջափակման մեջ էին ընկել, մինչեւ վերջին փամփուշտը կռվեց ադրբեջանցիների գրաված հայկական դիրքում։ Հիմա նրան մոռանալ չի լինի։ Հ․Գ․ Միջանցքում, դռան մոտ Սուրոյի զինվորական ճտքակոշիկներն են, որով ամեն անգամ աշխատանքի էր գնում։ Այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ կոշիկներն են սպասում իրենց տիրոջը, Սուրոն վերջին անգամ նոր գնած, տոնական ճտքակոշիկներով գնաց ծառայության։ Արեւիկն ասում է․ «Նույնիսկ ցեխն էլ չեմ ուզում մաքրել։ Թող մնա այնպես՝ ինչպես որ կա», Սուրոյի «ներկայությունը» միշտ կլինի։ 7953 Հայելու մոտ այդպես էլ չբացված ծխախոտի տուփերն են, որ պատրանք են ստեղծում՝ Սուրոն դեռ պիտի բացի իր ծխախոտը»։  

դիտվել է 74 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am