Երեք պայթյուն՝ Բաղդադում. կան տասնյակ զոհեր
TASS-ի փոխանցմամբ` Իրաքի մայրաքաղաքում ծայրահեղականների իրականացրած երեք պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ: Այդ մասին հայտնել է Բաղդադի ոստիկանությունը: Ոստիկանության տվյալների համաձայն՝ Իրաքի մայրաքաղաքի արևելյան Մադինատ էս-Սադր արվարձանում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է նվազագույնը 60 խաղաղ բնակիչ, հարյուրավորներ էլ վիրավորվել են: Մի քանի րոպե տարբերությամբ տեղի է ունեցել ևս երկու ահաբեկչություն: Դրանցից առաջինը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային մասի Ջիդա հրապարակում: Արդյունքում՝ զոհվել է 15 և վիրավորվել մոտ 30 մարդ: Այնուհետև պայթուցիկներով լցված ավտոմեքենան պայթել է Էլ Ջամիա թաղամասում, որի հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել մոտ 20 մարդ: Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԴԱԻՇ-ը:
