Եվրոպական հեռարձակողների միությունը պատժամիջոցներ է կիրառում` սպառնալով որակազրկել Եվրատեսիլի Հայաստանյան ներկայացուցչին
Եվրոպական հեռարձակողների միությունը հանդիպել է Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակության հետ` քննարկելու «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի ընթացքում տեսախցիկների առջև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու դրվագը: Քիչ առաջ Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական էջը հայտարարություն տարածեց, որով խստորեն դատապարտում է Հայաստանի պատվիրակության կողմից իրականացված քայլը և որոշում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Եվրոպական հեռարձակողների միությունը և Եվրատեսիլ երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը խստորեն դատապարտում են մայիսի 10-ին Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչի ժամանակ «Կանաչ սենյակում», ուղիղ հեռարձակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի դրոշի հայտվելը` երևույթը եվրատեսիլյան սկզբունքներին դեմ համարելով: Եվրատեսիլ երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը որոշել է կանոնների համաձայն մրցույթը հեռարձակող հեռուստաընկերության, տվյալ դեպքում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցներ կիրառել: Պատժամիջոցի բնույթի մասին կհաղորդվի հունիսին կայանալիք Ռեֆերենտ խմբի հերթական հանդիպման ժամանակ: Մենք տեղյակ ենք եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա լարվածության շարունակման մասին: Ուղիղ եթերում վիճահարույց տարածքի դրոշի ցուցադրումը համարում ենք Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի կանոնակարգի 1.2.2 կետի լուրջ խախտում, որտեղ մասնավորապես ասվում է. «միջոցառման ժամանակ արգելվում են քաղաքական ուղերձներ պարունակող, որևէ ընկերության, հաստատության, ապրանքանիշի գովազդային պաստառները»: Բացի այդ,միջադեպի պատճառով Եվրոպական հեռարձակողների միությունը զրոյական հանդուրժողականության քաղաքականություն է վարելու Հայաստանի պատվիրակության հետ: Եվրատեսիլ երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը ցանկանում է տեղեկացնել, որ «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի ընթացքում կանոնների ցանկացած այլ խախտում կարող է պատճառ դառնալ Հայաստանին որակազրկելու կամ հետագայում մասնակցությունը շարունակել թույլ չտալու համար»: nt.am
