Հրետանին հակառակորդին ստիպեց հրաժարվել հետագա մարտական գործողություններից
Ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հակառակորդի հարձակման ելքը կանխորոշել է հրետանին: Այս մասին «Հետքին»տված հարցազրույցում նշել է գնդապետ Գենադի Բաղդասարյանը, որը ղեկավարում է ԼՂՀ պաշտպանության բանակի հրետանին: Գեներալ Իվանյանի սան գնդապետ Գենադի Բաղդասարյանը վերջերս բարձրագույն հրամանատարության կողմից արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Պարոն գնդապետ, ուզում եմ խոսենք առաջին օրից, ի՞նչ էր հրետանու համար այս հարձակումը։ Անակնկա՞լ էր ձեզ համար, հանկարծակի՞ էր այդ հարձակումը։ Որպես այդպիսին հարձակումն իսկապես անականկալ էր։ Իսկ հրետանավորների համար մարտական խնդրի կատարումն անակնկալ չէ։ Հրադադարի հայտարարման պահից սկսած պատրաստ ենք մեր առջեւ դրված խնդիրը կատարել։ Եթե համեմատելու լինենք առաջին պատերազմի հետ, հրետանու դերը փոխվել է արդյոք։ Այն ժամանակ հրետանին կարծես նման դերակատարություն չի ունեցել, ինչպես այս ապրիլին։ Հրետանու դերը թե այն ժամանակ, թե հիմա նույնն է, բնույթը չի փոխվել, պարզապես առաջին պատերազմի ժամանակ չունեինք այդքան զենք, սպառազինություն։ Բնականաբար, կատարած խնդիրների ծավալը չի կարելի համեմատել այս պատերազմի ծավալի հետ, հիմա ծավալն ավելի մեծ է, եւ ավելի է աչքի ընկնում, բայց հրետանու դերը չի փոխվել։ Արդեն հայտնի է, որ հակառակորդի հարձակման ելքը կանխորոշել է հրետանին, ի՞նչ է արել հրետանին այդ օրերին, որ հակառակորդին ստիպեց կանգնել։ Համամիտ եմ այդ մտքի հետ, քանզի հրետանին իր կրակային խոցմամբ հակառակորդին պատճառեց այնպիսի կորուստներ, որ նրան ստիպեց հրաժարվել իր հետագա մարտական գործողություններից։ Հակառակորդի կորուստների թիվը մեծ էր, եւ հրամանատարները հասկացել են, որ հետագա գործողություններից հաղթանակ չեն կարող ձեռք բերել, եւ, իմ կարծիքով, անձնակազմն էր խուսափում կռվել ու արդեն խուճապի էր մատնվել։ Այսինքն՝ հակառակորդի հրետանին խուճապի էր մատնվել։ Միանաշանակ կարելի է այդպես ասել։ Ի՞նչ էիք արել, որ խուճապի են մատնվել, ի՞նչ էիք խոցել։ Հարավում եւ հյուսիսում խոցել ենք առաջին հերթին անձնակազմին, որ գրոհ էր ձեռնարկել, ինչպես նաեւ այն հրետանային եւ ականանետային մարտկոցները, որոնք աջակցում էին գրոհը, եւ այն հրամանատարական կետերը, որտեղից իրականացվում էր մարտական գործողությունների ղեկավարումը։ Այնուհետեւ խոցել ենք օգնության հասնող երկրորդ էշելոններին։ Իսկ ապրիլի 3-ին, երբ որ կենտրոնում հակառակորդը նախապատրաստվում էր անցնել հարձակման, բանակի հրամանատարի որոշմամբ հրետանին կանխարգելիչ հարված է հասցրել հակառակորդին, այսինքն՝ թույլ չենք տվել, որ իրենք սկսեն գրոհը, կազմակերպված առաջանան, ծավալվեն, առաջ գան։ Խոցել ենք ելման կետերում, առաջխաղացման երթուղիներում, կենտրոնացման բնագծերում եւ շրջաններում։ Փաստորեն, հակառակորդը մեծ թվով կենդանի ուժ է կորցրել այդտեղ։ Միանշանակ կրել է ինչպես կենդանի ուժի կորուստներ, այնպես էլ զրահատեխնիկայի։ Այդ թվում՝ նաեւ խոշոր հրամանատարական կետեր, այդ թվում՝ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կետը, որտեղ զոհվել են նրանց հրամանատարը, շտաբի պետը եւ մի շարք բարձրաստիճան սպաներ։ Սա կազմալուծել է եւ ղեկավարումը, եւ կազմակերպված գրոհը։ Կորուստների քանակն այնքան շատ էր, որ իրենց հրամանատարությունը հրաժարվել է հետագա հարձակողական գործողությունից։ Ի՞նչ դասեր տվեց ապրիլյան պատերազմը Ձեզ՝ որպես հրետանավորի։ Առաջինը, որ հակառակորդը ստոր է, ամեն ինչի ունակ է, նրա ասածին երբեք չպետք է հավատալ։ Երկրորդը՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակառակորդի ցանակացած քայլի եւ դիմադրենք։ Երրորդը՝ միայն պետք է մեր ուժերի վրա հաշվարկենք, հույսը դնենք միայն մեր ուժերի վրա։ Եվ ինչպես Իվանյանն է ասել, միշտ զբաղվել մարտական պատրաստավածությամբ։ Ի՞նչ եք կարծում, ադրբեջանցիները գործողություն կսկսե՞ն։ Այսպես ասեմ, իրենք տնտեսական հնարավորություններ ունեն, զենք-զինամթերք ունեն, մարդկային ռեսուրս ունեն, եւ եթե սկսեն, դա կլինի ոչ թե իրենց անձնական որոշումը, այլ իրենց դաշնակիցների դրդմամբ։ Մենք, համենայնդեպս, պատրաստ ենք։ Տնեցիների հետ հասցնու՞մ եք շփվել։ Տնեցիները գիտեն, որ չի կարելի ինձ անհանգստացնել։ Եթե կարողանում են, օգնում են, եթե չէ, չեն խանգարում։ Հակառակորդի տանկերը գրոհին մասնակցում էին մեծ թվով, ինչ-որ բան կարողացա՞ն անել։ Իհարկե ոչ, եթե լիներ նորմալ բանակ, նորմալ անձնակազմ, իրենք պետք է մեծ խորությամբ մխրճվեին, որոպեսզի հետեւակն էլ իրենց հետեւից գար։ 22 տարի պատրաստվելով, ունենալով այդքան բյուջե, այդքան տեխնիկա՝ հանկարծակի հարձակվել ոչ թե պաշտպանության, այլ պահպանության անցած 18 տարեկանների վրա եւ ընդամենը մի քանի դիրք գրավել, ուղղակի աբսուրդ է։ Որպերս հրետանավոր, մենք դիրքային առավելություններ ունե՞նք։ Իհարկե, տեղանքը բոլորիս, այդ թվում՝ հրետանավորներիս օգնել է, որպեսզի կարողանանք ժամանակին խոցենք, տեղաշարժվենք նոր դիրքեր, այնտեղից խոցենք։ Մարդիկ խոսում են նաեւ, որ լավ զենքեր չունի բանակը, հեռուն խփող զենքեր չկան մեր սպառազինությունում։ Հրետանավորները ունե՞ն լավ զենքեր։ Ունենք, իհարկե։ Ամեն ինչ համեմատական է։ Եթե համամետենք Միացյալ Նահանգների կամ Ռուսաստաանի Դաշնության զենքերի հետ, իհարկե, մենք զիջում ենք որոշ տեղեր։ Բայց եթե համեմատենք մեզ նման պետությունների հետ, շատ-շատերից առաջ ենք։ Որպես հրատանավոր, ի՞նչ զինատեսակ կուզենաք ունենալ։ Ավելի հեռահար, ավելի ճշգրիտ ու հզոր։ Ո՞րն է դա, օրինակ կբերե՞ք, հասկանամ։ Ի՞նչ զինատեսակներ նկատի ունեք։ Խոշոր տրամաչափի ռեակտիվ համազարկային համակարգեր եւ գերճշգրիտ հակատանկային միջոցներ։ Իսկ ինչու՞ չեք ունենում։ Կունենանք, ամեն ինչ էլ կունենանք։ Ի՞նչ առավելություն ունի մեր զինվորը, որ այդքան գովում եք։ Ինքը մասնագիտական առումով պատրաստ է եւ հայրենանվեր է։ Այս երկուսը բավարար է, որպեսզի բանակը հաղթի ցանկացած պատերազմում։ Բազմաթիվ պատմություններ կլսեք մեր զինվորնեի սխարանքների մասին։ Նրանք կռվել են հատուկջոկատայինների դեմ ու հաղթել, ոչնչացրել նրանց հարյուրներով։ Իրենց պայթեցրել են ու չեն հանձնվել, կռվել են մինչեւ իրենց կյանքի վերջին վայրկյանը։ Էսքան ժամանակ մի հատ փախուստի դեպք չի արձանագրվել։ Մի զինվոր չի եղել, որ ինքնախեղում կատարած լինի։ Ունեցել ենք դեպքեր, երբ հիվանդ կամ վիրավոր զինվորները խնդրել են, որ իրենց չտանեն հոսպիտալ։ Նրանք չէին ուզում իրենց ընկերներին, իրենց դիրքը լքել։ Այդպիսին են մեր զինվորները։ Լուսանկարը՝ Արմեն Երամիշյանի. ձախից՝ գնդապետ Գ. Բաղդասարյանը
