Հմուտ փոխգնդապետը. ծածուկ առաջացել են գրավված դիրք, ձեռնամարտի բռնվել ու հետ բերել դիրքը
Փոխգնդապետ Արտյոմ Գեւորգյանի ղեկավարությամբ հայ զինծառայողները հետ են բերել հակառակորդի գրաված մարտական դիրքերից մեկը: Ապրիլի 4-ին, ստանալով հակառակորդի կողմից գրաված N մարտական դիրքը վերադարձնելու մարտական առաջադրանք, Արտյոմ Գեւորգյանը հմուտ կերպով ղեկավարել է մարտը հակառակորդի դեմ: ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը լուսաբացին երկու հատուկ նշանակության խմբերի հետ, ծածուկ առաջանալով դեպի գրավված մարտական դիրքը, կատարել է դիրքի թեւանցում: Վարելով նշանառու կրակ հակառակորդի ուղղությամբ, Արտյոմ Գեւորգյանն անձամբ ոչնչացրել է հակառակորդի 4 զինծառայողի: Ներխուժելով դիրք հատուկ նշանակության խմբերը մերձամարտի են բռնվել հակառակորդի հետ, նրանց խուճապի մատնել եւ ստիպել դիմել փախուստի: Չդադարեցնելով գրոհը, հատուկ նշանակության խմբերը փոխգնդապետի ղեկավարությամբ շարունակել են հակառակորդի հետապնդումը՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ: Գեւորգյանն անձամբ կատարել է ականազերծման աշխատանքներ, չեզոքացրել ծուղակները, կազմակերպել ազատագրված մարտական դիրքի պաշտպանությունը: Փոխգնդապետը կազմակերպել է հակառակորդի եռակի հակագրոհի ետմղումը: Նա թեժ մարտերի ժամանակ վիրավորվել է: Արտյոմ Գեւորգյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
