Հիշեք, որ խրամատներում մեր երիտասարդներն են,ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպեք.Լևոն Մկրտչյան
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, նաեւ ծնողներին խնդրել է Վերջին զանգի տոնակատարությունները շքեղ չկազմակերպել: Լրագրողների հետ զրույցում նախարարն ասել է. «Խնդիրն ավելի շատ ոչ թե դպրոցներինը, այլ հասարակությանն է։ Կոչ կանեմ հասարակությանը. հիշեն, որ այս պահին խրամատներում մեր երիտասարդներն են կանգնած։ Մենք դժվար վիճակի մեջ ենք։ Ոչ ոք երեխաներից չի խլում իրենց ուրախությունը, բայց համեստությունն այս պահին իսկապես սազական է յուրաքանչյուր հայ ընտանիքի։ Կարելի է հավաքվել, ուրախանալ, նշել, բայց ավելի համեստ։ Այստեղ այնքան տնօրենի խնդիրը չէ, որքան Նոր տարվա սինդրոմն է։ Պարտադիր չէ, որ ավարտական միջոցառումը վերածվի մրցակցության»։ Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ թեմայի առնչությամբ խոսել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: «Պիտի փորձենք նախ դրամահավաքը դպրոցից դուրս բերել: Եթե ծնողներն ուզում են միջոցառում անել իրենց համար, ապա դա դպրոցի պատերից դուրս պիտի լինի: Ուսուցիչը, տնօրենը դրամահավաքի հետ պետք է կապ չունենան: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, կոչ եմ անում համեստ միջոցառումներ անցկացնել»,-շեշտեց ԿԳ նախարարը:
