«Ամուսինս հայ է, ես հայերի կողմից եմ». Մեծ աղմուկ՝ Եվրատեսիլում
Ռուսաստանցի երգչուհի Անաստասիա Ստոցկայան, իր կողմից (որպես ժյուրի) Եվրատեսիլ երգի մրցույթի կատարումների գնահատման գաղտնիության սկզբունքի խախտման վերաբերյալ ՌԻԱ «Նովոստիին» տված մեկնաբանությունում նշել է, որ չի համարում Periscope-ով իր հեռարձակումը մրցույթի կանոնների խախտում: «Մեզ ասել են, որ չի կարելի հրապարակել արդյունքները, ինչը ես չեմ արել: Ես նկարահանել եմ ինձ և տեղադրել եմ տեսանյութը բլոգում՝ առանց որևէ չարամտության՝ մրցույթի առավել հանրայնացման համար»,- նշել է Ստոցկայան: Երգչուհին նշել է, որ ցավում է տեղի ունեցածի համար և պետք է սպասել, թե ինչ կլինի, տեղեկացնում է lenta.ru-ն: Periscope-ի տեսանյութում Ստոցկայան մեկնաբանել է Եվրատեսիլում Նիդերլանդների և Հայաստանի ներկայացուցիչների ելույթները: Հոլանդացի երգիչ Դաուէ Բոբայի ելույթը նա անվանել է «լավիկը», իսկ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի մասին ասել է. «Ամուսինս հայ է, ես հայերի կողմից եմ»: Periscope-ում Ստոցկայայի տեսանյութը հայտնվել է սոցցանցի օգտատերերի և արևմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչները խոստացել են ստուգել՝ արդյոք տեսանյութը խախտում է կանոնները:
