Վենեսուելայի նախագահն ավազակներին 72 ժամ է տվել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մայիսի 10-ին հանցագործ խմբավորումներին երեք օր ժամանակ է տվել իշխանություններին հանձնվելու ու զենքը վայր դնելու համար ., հակառակ դեպքում խոստանալով ուժ կիրառել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Վենեսուելայում՝ այդ թվում Կարակասում, հանցագործությունների մակարդակը ռեկորդային մակարդակի է հասնում, նշում են դիտորդները : Այդ ցուցանիշների աճի վրա ազդում է նաեւ Վենեսուելայում ստեղծված ծանր տնտեսական վիճակը: Observatorio Venezolano de Violencia անկախ կազմակերպության տվյալներով 2015-ին երկրում 100 հազար բնակչությանը բաժին էր հասել 90 սպանություն, ինչը ռազմական գործողություններ չվարող երկրի համար ամենաբարձր ցուցանիշն է: Վենեսուելայի իշխանությունները միշտ հերքել են հանցագործությունների մասին Observatorio Venezolano de Violencia–ի տվյալները՝ հայտարարելով, որ այս վիճակագրության նպատակը երկրի հեղինակությունը արատավորելն է: Նրանց ներկայացրած պաշտոնական տվյալներով սպանությունների թիվը երկրում զգալիորեն քիչ է: Մադուրոն խոստացել է, որ եթե քրեական աշխարհի ներկայացուցիչները հրաժարվեն հանձնվել՝ նրանց նկատմամբ ուժ կկիրառվի : Երեքշաբթի Կարակասում սկսվել է «Ժողովրդի ազատագրության ու պաշտպանության գործողության» հերթական փուլը, որի արդյունքում սպանվել է ինը ավազակ, որոնք դիմադրություն էին ցույց տվել : Վենեսուելայի նախագահը հայտնել է, որ երկրի տարածք են ներխուժել նաեւ զինված ավազակախմբեր հարեւան Կոլումբիայի տարածքից:
