Գառնիկ Մարգարյանն ու Վլադիմիր Առաքելյանը կալանավորվեցին
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, որոշում ընդունեց ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին ու Վլադիմիր Առաքելյանին 2-ամսյա կալանքի ենթարկելու մասին: Ինչպես՝ pastinfo.am -ին է հայտնել Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը, իր պաշտպանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Փաստաբանը նաև հայտնել է, որ դատարանին գրավի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է: Այդուհանդերձ, Գառնիկ Մարգարյանի փաստաբանը հայտնեց, որ չեն բողոքարկելու կալանքի որոշումը: Իսկ Վլադիմիր Առաքելյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանը հայտնել է, որ սահմանված կարգով բողոքարկելու են դատարանի որոշումը: Հիշեցնենք՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ու ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը ձերբակալվել են հունվարի 14-ին` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու կասկածանքով: ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, նրանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ:
