Կցանկանայինք, որ շփման գծում տեղի ունեցած բոլոր վայրագությունները հետաքննելու հնարավորություններ ընձեռվեին. Զալբերի
Կցանկանայինք, որ շփման գծում տեղի ունեցած բոլոր վայրագությունները հետաքննելու հնարավորություններ ընձեռվեին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին քիչ առաջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո։ «Մենք մեղադրանքներ ենք ստանում մի քանի կողմերից: Մեզ համար որպես Եվրոպական միության ներկայացուցիչ, ինչպես և այլ միջազգային կազմակերպությունների համար բարդ է գնահատական տալ իրավիճակին: Մի բան պարզ է՝ մենք դատապարտում ենք տեղի ունեցած բոլոր վայրագությունները: Մենք կցանկանայինք, որ դրանք հետաքննելու հնարավորություններ ընձեռվեին` մեղավորներին պատժելու համար»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Հերբերտ Զալբերին։ Հարցին, թե մտադի՞ր է արդյոք այցելել Ադրբեջան և քննարկել իրավիճակը ԵՄ պաշտոնյան նշեց, որ պարբերաբար այցելություններ եմ կատարում Հայաստան և Ադրբեջան և քննարկումներ ունենում երկու կողմերի հետ։ «Եվ ես մտադիր եմ շարունակել այս ավանդույթը»,-հավելեց նա։
