Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ խտրականությունը շարունակվում է. պատգամավոր
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն» առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի շուրջ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ինչպես ասաց՝ եթե մասնավոր սեկտորի ներկայացուցիչները իմանան, որ պետք է անցնեն այդ համակարգին, կսկսեն ցույցեր անել և «փչացնել» նախընտրական տարին. «Համակարգը այս ընթացքում ցույց է տվել, որ այն ժամանակ ներկայացված բոլոր փաստարկները շատ տեղին, ճիշտ է եղել և այն իրեն չի արդարացնում: Ես կարծում եմ, որ 6-րդ գումարման Ազգային ժողովն այս օրենքն ընդհանրապես գործողությունից հանելու է, ուղղակի չգիտեմ, թե այդ գումարներն ինչպես են վերադարձնելու մարդկանց, որովհետև այդ գումարները անարդյունավետ են կառավարվում և այնքան մեծ չեն, որ կարողանան եկամտաբեր լինել, և կա տեղեկատվություն, որ այդ ֆոնդերը վնասներով են աշխատում»: Էդմոն Մարուքյանը նկատեց նաև, որ Սահմանադրական դատարանի երկրորդ որոշման վերաբերյալ օրենքում ոչ մի փոփոխություն չի արվել. «Ինչո՞ւ եք բերել օրենքի հետաձգման նախագիծը և ինչո՞ւ Սահմանադրական դատարանի որոշումը ի կատար չենք ածում»: Այնուհետև տեղեկացրեց, որ օրինագծում պահպանվել է տարիքային խտրականությունը և դուրս է գալիս, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ մասնավոր և պետական սեկտորի առումով խտրականությունը շարունակվում է:
