Չեմ կարծում, որ բոլորս պետք է փայտ վերցնենք ու հարգարժան ակադեմիկոսի հետևից ընկնեք. Է. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորում է լինել ավելի հանդուրժող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության վերաբերյալ, ով ասել էր, թե Հայաստանի նման քոսոտ երկրին չեն թողնի արտադրել զենք:«Ես խնդրում եմ՝ մենք մի քիչ ավելի հանդուրժող լինենք, որովհետև մենք հիմա ապրում ենք մի քիչ նյարդային պահեր, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մի քիչ ավելի զգացմունքային ենք, եկեք մի քիչ ավելի ներողամիտ լինենք»,-ասաց նա: Այնուհետև նշեց, թե հիմա էլ չասենք, թե Շարմազանովը բոլորի փոխարեն սկսել է ներողություն խնդրել. «Բայց ես չեմ կարծում, որ բոլորս փայտը պիտի վերցնենք ու հարգարժան ակադեմիկոսի հետևից ընկնեք: Պետք է մի քիչ հանդուրժող լինենք, ես Ռադիկ Մարտիրոսյանին էությամբ ճանաչում եմ, նա իմ ավագ ընկեր է և շատ մեծ գործ է արել հայկական պետականության կայացման ու գիտության զարգացման համար: Ես էլ եմ հանդուրժող լինելու ալամ աշխարհի նկատմամբ»: Է. Շարմազանովի խոսքով՝ ոչ մեկս ապահովագրված չենք, որպեսզի նմանատիպ էմոցիոնալ հայտարարություն անենք. «Այն, որ հարգարժան Ռադիկ Մարտիրոսյանն իր ողջ կյանքը դրել է գիտության զարգացմանը, դա պետք է հարգենք: Եվ թող քար գցի առաջինը նա, ով մեղավոր չէ: Բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս էլ ունենք սխալներ»,- նշեց նա:
