Ոչ միայն տեղեկություններ են դուրս եկել, այլ ձայնագրություններ են արվել.Վահրամ Բաղդասարյան
Լրագրողները այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին հայտարարության մասին, որ ինքը չի ցանկանում ճանապարհ անցնել ինֆորմացիան դուրս տանող պատգամավորների հետ: «Այդ փակ հանդիպմանը եղել են ոչ միայն ՀՀԿ, այլ նաև այլ խմբակցությունների ղեկավարներ:Շատ ցավում եմ, որ ոչ միայն տեղեկություններ են դուրս եկել, այլ ձայնագրություններ են արվել, ինչն անթույլատրելի է պարզապես, և դրանից հետո պաշտպանության նախարարին խնդրել, որ մեզ հետ անկեղծ լինի… Բնականաբար, չի լինի: Երևույթը բավականին տհաճ է, առավել ևս, որ հարցը վերաբերում է Ղարաբաղին»,- ասաց նա: «Համամիտ եմ պաշտպանության նախարարի դիրքորոշման հետ ու չեմ ուզում ինչ-որ մեկին մատնացույց անել:Տեղեկատվության արտահոսքը եղել է տվյալ պատգամավորի հարաբերությունները ԶԼՄ-ի հետ բարձր պահելու համար:Չեմ կարծում, որ հատուկ վատ նպատակով է եղել, որ հասնի մեր թշնամուն և այլն»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ պատգամավորները պահանջել էին փակ հանդիպում անցկացնել Սեյրան Օհանյանի հետ, որպեսզի ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները սահմանին տիրող իրավիճակի, ապրիլյան ռազմական բախումների և այլ հարցերի մասին: Սակայն փակ հանդիպման մանրամասները որոշ պատգամավորներ հայտնել են որոշ լրատամիջոցների, ինչը դուր չի եկել Սեյրան Օհանյանին:
