Վիրավոր զինվորի հորեղբայրն իր տունն է վաճառքի հանել, որպեսզի տղան հաշմանդամ չմնա
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Արցախին հասցրած օգնությանը: «Արցախին օգնելու կոչերից շատերի իրական կամ կեղծ լինելն այդպես էլ չի բացահայտվում՝ թափանցիկության պակասի պատճառով: Այդ է պատճառը, որ գործընթացում պետք է հետևողականություն և թափանցիկություն մտցնել:Ես շատ եմ վստահում Արցախի կառավարությանը, սակայն նա էլ բավարար չափով թափանցիկ տեղեկություններ չի տրամադրում: Օգնության տրամադրման բոլոր գործընթացներում անվստահության պատ կա: Սա այն պահն է, երբ ժողովուրդը ցույց է տալիս՝ ինչքան պատրաստակամ է օգնել զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին: Այս ռեսուրսի վրա չկառուցել պետական օգնության համակարգը, ուղղակի ապաշնորհություն է»: «Պետությունը բնակարաններ պետք է հատկացնի ոչ միայն զոհվածների, այլ նաև վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Բացի այդ, զոհված զինծառայողներից Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի հարևաններն ու բարեկամներն առաջարկում են հերոսների անուններով փողոցներ անվանակոչել: Սրան պետք է ընթացք տրվի առանց որևէ խոչընդոտի»,- նկատեց բանախոսը: «Այժմ գործընթացներ են գնում, որպեսզի որոշ վիրավոր զինծառայողներ, այնուամենայնիվ, բուժման նպատակով տեղափոխվեն արտասահման: Լազգյան Արմանի հորեղբայրն անգամ իր տունն է վաճառքի հանել, որպեսզի 19-ը տարեկան տղան հաշմանդամ չմնա: Համոզված եմ՝ Սեյրան Օհանյանը կկանգնի այս ծնողների կողքին»,- ասաց նա:
