Ես ճանապարհաշինարար չեմ.Հերմինե Նաղդալյան
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին լրագրողները հարց ուղղեցին, թե իրեն պատկանող ձեռնարկությունն է պատասխանատու Սիսիանի միջպետական ճանապարհի անմխիթար վիճակի համար, քանի որ պատշաճ չի իրականացնում վերանորոգումը.վերջինս հերքեզ այդ տեղեկատվությունը: Ըստ նրա` քանի որ պատերազմական օրերին, անմիջապես ձնհալից հետո, այդ ճանապարհը իրավամբ վատ վիճակում էր գտնվում, իրեն պատկանող կազմակերպությանը խնդրել են օգնել, աջակցել և ճանապարհը կարգի բերել: «Շատ կարճ ժամանակում մեր կազմակերպության ուժերով Սիսիան-Գորիս հատվածը փոսալցրեցին, ինչը չէր էլ մտնում մեր կազմակերպության պարտականությունների մեջ, պարզապես մենք, կարևորելով այդ ռազմավարական ճանապարհը, իրականացրել ենք այդ աշխատանքը»,- ասաց Նաղդալյանը: Հարցին, թե միայն իրեն պատկանող այդ կազմակերպությունն է շահում պետական մրցույթները,նա կրկին ժխտողական պատասխան տվեց: Օրինակա՞ն է, արդյոք, պատգամավորական աշխատանքի համատեղումը ճանապարհաշինարարական աշխատանքի հետ հարցին , Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ես չեմ համատեղում, ես ճանապարհաշինարար չեմ: Եթե դուք տեղյակ եք երկրի օրենքներին, ապա յուրաքանչյուր պատգամավոր, ունենալով որևէ սեփականություն, ունենալով դրա իրավունքը, պարտավոր է հանձնել որևէ մեկի կառավարմանը: Այդ կազմակերպությունը ես հանձնել եմ կառավարման, այն ունի իր գործադիր մարմինն ու տնօրենը: Այնպես որ` օրենքի խախտում այդտեղ չկա»:
