Գագիկ Խաչատրյանը՝ սկանդալային տեսանյութի մասին.«Սցենարիստին հարցրեք»
ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն, այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը որեւէ կապ չունի վերջերս համացանցում հայտնված սկանդալային ձայնագրությունում հնչած մեղադրանքների հետ: Նա նշեց, որ հարստացել է օրինական ճանապարհով.« Ով որ համացանցում տեղադրել ա, սցենարիստին հարցերեք, ինքն էլ կասի»: Գագիկ Խաչատրյանը կարծիք հայտնեց,որ գովելի չէ այս պահին քննարկել օլիգարխների տղաների առաջնագծում լինելու հարցը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները հիմա առաջնագծում են և լուրջ ծրագրեր են իրականացնում, որոնց մասին նախարարը նպատակահարմար չի համարում բարձրաձայնել: «Լուրջ ծրագրեր են իրականացնում, թե ինչ, չեմ կարող ասել, ցավոք սրտի»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` ի պատասխան դիտարկման, որ առաջնագծում ՀՀ սոցիալապես անապահով խավի զավակներն են: «Ես կարծում եմ, որ բոլորը պետք է ծառայեն բանակում ըստ օրենքի, ուղղակի պատերազմական շրջանում ավելի ցայտուն է երեւում սոցիալական բեւեռվածության խնդիրը: Միշտ էլ լինում են իրականության մեջ նման համադրություններ եւ այս պահին նման թեմաներ քննարկելը գովելի չէ: Ցանկացած մարդ, եթե կարող է, պետք է իր օժանդակությունը ցուցաբերի բանակին, նաեւ կառավարությունը»,- ասաց Գագիկ Խաչատրյանը,իսկ լրագրողի հարցին՝ ի՞նչ սոցիալական արդարության մասին է խոսքը, եթե իր եւ իր կնոջ ունեցվածքը միլիարդներով են չափում, նախարարը պատասխանեց. «Եթե տենց համեմատության մեջ դնենք, ձեր մեջ էլ կարող է լինել տարբերություն, ես միշտ ասել եմ, որ պետք է վախենալ ոչ թե հայտարարագրված, այլ չհայտարարագրված գումարներից»: Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ այդքան գումար կարողացավ կուտակել նախարար լինելով, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ դա երկար տարիների աշխատանքի արդյունք է: Նա նաեւ վստահեցրեց, որ, ինքն էլ, մյուս պաշտոնյաներն էլ, օգնություն ցուցաբերել են Ղարաբաղին: «Ես ինքս էլ օժանդակել եմ, բայց դա հրապարակման ենթակա չէ: Այն ծրագրերը, որոնք մենք ենք իրականացնում, հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա:
