Պուտինը չի ուզում պատերազմել, սակայն...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ թեև ռազմական բնագավառում ծախսերի առումով Ռուսաստանը զգալիորեն զիջում է Միացյալ Նահանգներին, իրենք, այդուամենայնիվ այնպիսի գերարդյունավետ ռազմավարական զենք ունեն, որը թույլ է տալիս վստահ լինել, որ ՌԴ-ի վրա չեն հարձակվի։

«Առաջին հերթին, ես նկատի ունեմ, իհարկե, հիպերձայնային հարվածային համալիրները, այդ թվում՝ միջմայրցամաքային հեռահարության», - ասել է նա: Սրա հետ մեկտեղ Պուտինը նաև ընդգծել է, թե Ռուսաստանը չի պատրաստվում որևէ երկրի հետ պատերազմել, իսկ գերժամանակակից սպառազինությունը ստեղծում է՝ հավասարակշռություն ապահովելու համար։ «Մենք չենք ուզում ոչ մեկի հետ պատերազմել, մենք ուզում ենք ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որ ոչ մեկի մտքով չանցնի մեզ հետ պատերազմել», - նշել է նա:

ՌԴ նախագահի խոսքով՝ ռազմական ծախսերի առումով ընդամենը յոթերորդ հորիզոնականում են Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Սաուդյան Արաբիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից հետո: Ըստ «Ազատության»՝ Պուտինը նաև պնդել է, որ Ռուսաստանի ծախսերը տարեցտարի կրճատվում են: Հարցազրույցում նա նաև պատմել է, որ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն իրեն ափսոսանքով ասել է, թե Նահանգները չափազանց մեծ գումար է ծախսում սպառազինության համար, Պուտինի խոսքով, տարեկան 738 միլիարդ դոլար։

Պետական ТАСС գործակալությունը մաս առ մաս հրապարակում է Պուտինի հետ նոր ձևաչափով հարցազրույցը։ Անկախ դիտորդներն ու փորձագետները համոզված են, որ այս հարցազրույցը մանրամասն խմբագրվել է Կրեմլում, և հարցազրույցի նպատակը Ռուսաստանի նախագահի վարկանիշի բարձրացումն է։

Коммерсантъ թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե 2021 թվականին Պետդումայի ընտրություններում Պուտինը կարող է գլխավորել «Единая Pоссия»-ի («Միասնական Ռուսաստան») կուսակցական ցուցակները: Թերթը նշում է, որ Կրեմլի սցենարով ընտրությունների արդյունքում «Единая Pоссия»-ն պետք է զգալի մեծամասնություն կազմի Պետդումայում, ինչն իր հերթին պետք է կայունություն ապահովի երկրում 2024-ի նախագահական ընտրությունների նախօրեին, որոնց Պուտինն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու: Սա Պուտինի նախագահության չորրորդ և վերջին ժամկետն է: Անկախ փորձագետների մի մասը, սակայն, չի հավատում, որ մի քանի տարի անց Պուտինը կհեռանա Կրեմլից։

Միևնույն ժամանակ Պուտինը շարունակում է «մատը» պահել սիրիական «զարկերակին»: Պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ այսուհետ հրաժարվում է երաշխավորել թուրքական ռազմական ինքնաթիռների անվտանգությունը Սիրիայի օդային տարածքում:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նման հայտարարությամբ հանդես է եկել անցած գիշեր թուրքական բանակի կողմից Հալեպում գտնվող ռազմական օդանավակայանի ռմբակոծությունից և Սիրիայի օդուժի երկու ռազմական ինքնաթիռների ոչնչացումից հետո: Այս միջադեպերից հետո պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ փակում է Իդլիբի օդային տարածքը:

Իդլիբի ցամաքային տարածքում ևս լարվածությունը չի մարում. սիրիական բանակի և զինված ընդդիմության միջև կատաղի մարտերը նոր թափով են վերսկսվել փետրվարի 27-ից հետո, երբ սիրիական բանակի ռազմական գործողությունների արդյունքում թուրքական զինուժը ավելի քան երեք տասնյակ զոհ ունեցավ:

Անկարան, որն աջակցում է սիրիական ընդդիմությանը, հայտարարել է Իդլիբում «Գարնանային վահան» ռազմական գործողություն սկսելու մասին՝ շտապելով սակայն պարզաբանել, որ Թուրքիայի թիրախը բացառապես Ասադի զինվորականներն ու ռազմական օբյեկտներն են, և որ թուրքերը մտադիր չեն պատերազմել Ռուսաստանի հետ։
Թուրքական հռետորաբանության մեղմացման ֆոնին Մոսկվան ու Անկարան լծվել են նախագահների Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։ Հիշեցնենք, որ նրանց հանդիպումը նախատեսված է Մոսկվայում մարտի 5-ին: Կողմերը հույս ունեն կրկին փորձել որևէ համաձայնության հասնել Հալեպից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Իդլիբի շուրջ, որը Բաշար Ասադի հակառակորդների ձեռքում մնացած վերջին տարածքն է:
Մինչ այդ Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնական Դամասկոսից պահանջել է Իդլիբում հետ քաշել զինուժը դեպի այն գիծը, որ նախանշվել է պաշտոնական Անկարայի կողմից՝ սպառնալով. «Եթե [կառավարական ուժերը] շուտափույթ կերպով հետ չքաշվեն դեպի այն դիրքերը, որ Թուրքիան է մատնանշում, նրանց գլուխն ուսերին չի մնա»։ Թուրքական ռազմական գերատեսչության տվյալներով, «Գարնանային վահան» գործողության մեկնարկից ի վեր թուրքական զինուժը Իդլիբում ոչնչացրել է 2212 սիրիացի զինվորական, 103 հրասայլ, ութ ուղղաթիռ, մեկ անօդաչու սարք, ինչպես նաև հրթիռային սարքավորումներ և այլ սպառազինություն:

Մինչդեռ Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնի տվյալներով, սիրիական զինվորականների կողմից զոհվել է 74 հոգի, այլ ոչ թե հարյուրավոր, ինչպես պնդում են թուրք պաշտոնյաները։

Թուրքիային սահմանակից Իդլիբ նահանգը, որի զգալի հատվածը սիրիական բանակին ի վերջո հաջողվել է ազատագրել զինված խմբավորումներից, վերջին տարիներին համարվել է միլիոնավոր սիրիացի փախստականների ապաստան, որոնք հրաժարվում են ճանաչել Բաշար Ասադի իշխանությունը: Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր ռուսական զինուժի օգնությամբ Ասադի բանակը զգալի հաջողությունների էր հասել այս տարածքում՝ մաքրելով այն ջիհադիստներից և ընդդիմադիր խմբավորումներից: Այդ հարձակումների հետևանքով շուրջ մեկ միլիոն մարդ է տեղահանվել Իդլիբից։ Նրանցից շատերը ուղևորվել են դեպի Թուրքիայի սահման, որն արդեն իր երկրում ավելի քան երեք միլիոն փախստական է ընդունել՝ հիմնականում Սիրիայից: Էրդողանի վարչակազմը, հայտարարելով, որ այլևս ի վիճակի չէ դիմակայել փախստականների նոր հոսքին, անցած հանգստյան օրերին բացեց երկրի արևմտյան սահմանները: Այս որոշման հետևանքով աննախադեպ լարված է հատկապես թուրք-հունական սահմանին, որտեղ բախումները չեն դադարում: Հազարավոր ներգաղթյալներ անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան հերթական անգամ փորձել են մուտք գործել Հունաստանի տարածք: Այդ երկրի իշխանությունները սահմանի երկայնքով կենտրոնացրել են ոստիկանության հավելյալ ուժեր և բանակային ստորաբաժանումներ:

Հունական կառավարությունը նաև որոշում է կայացրել առաջիկա մեկ ամսում երկրի տարածք անօրինական մուտք գործող բոլոր անձանց ժամանակավոր ապաստան չտրամադրելու, ինչպես նաև այդ անձանց անհապաղ այն երկրների տարածք վերադարձնելու մասին, որտեղից նրանք ներթափանցել էին Հունաստան: Պաշտոնական Աթենքը պնդում է, թե փախստականների տեղաշարժը ուղղորդվում է Թուրքիայի կողմից։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3532 անգամ
Լրահոս
Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am