Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է նախապատրաստվում

Բաքուն հերթական անգամ սպառնում է Ադրբեջանը շարունակում է ագրեսիայի ու շանտաժի քաղաքականությունը: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է հայաստանյան ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց` Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել 2016թ. մայիսի 8-9-ին։ Այս առիթով` Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ, եթե Հայաստանը շարունակի չկատարել ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը, Բաքուն ստիպված կլինի ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Մայիսի 8-ից և 9-ից առաջ ադրբեջանական զինուժի կողմից ծրագրվող հարձակման մասին տեղեկությունների առիթով Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է. «Հայերը ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե պետք է սպասեն օկուպացված տարածքների ազատագրմանը և երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից»: Պարզվում է, Ադրբեջանը զորքեր և զինտեխնիկա է կուտակել Նախիջևանի սահմանին: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել են ԱԺ-ի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները, որոնք չորեքշաբթի օրը խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանձնաժողովի անդամներից` Խաչատուր Քոքոբելյանը ոչ միայն հաստատել է այս տեղեկությունը, այլև նշել է, որ ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին նոր ռուսական հրանոթներ է տեղակայել: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ևս հաստատել է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից բացի, Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանի սահմանին: Այս հարցը քննարկել են նաև Պնախարարի հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ: «Այո, որոշակի ուղղություններով, այդ թվում նաև՝ ձեր նշած ուղղությամբ, նկատելի են հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ: Բայց իրավիճակը վերահսկելի է: Ե՛վ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և՛ Զինված ուժերի գլխավոր շտաբն ամբողջապես տիրապետում են իրավիճակին, մեր զորախմբերը, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են՝ դիմագրավել ցանկացած հարձակում: Եվ այդ առումով, ուզում եմ վստահեցնել հանրությանը, որ մեր Զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, և բոլոր այն նոր մարտահրավերները և սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ ձեր նշած ուղղությամբ, այդ կապակցությամբ, ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետև իրապես մենք վերահսկում ենք համապատասխան տարածքը», ասել է Կորյուն Նահապետյանը: Սա, թերևս, Ադրբեջանի կողմից մարտավարական քայլ է, որը և ծրագրված քայլ է, և հոգեբանական ճնշման մի տեսակ` Հայաստանի ու Արցախի նկատմամբ: Բայց ոչ միայն հոգեբանական: Կան տեղեկություններ, որ Հյուսիս-արևելյան հատվածում, ազգաբնակչությանը տեղահանում են Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում: Այս տեղեկությունը ևս հայտնել է Խաչատուր Քոքոբելյանը` «Ազատությանը»: Եթե Ադրբեջանը մոտ ապագայում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների դիմի, ապա չի կարելի բացառել, որ այն կլինի ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի հետ սահմանագծին: Իսկ այն, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել, ոչ ոք չի բացառում: Այս լարվածության ֆոնին միջնորդ պետությունները շարունակում են կողմերին հորդորել` հրադադարը հարգել և սկսել բանակցություններ: ԱՄՆ-ը լարվածության նվազեցման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադառնալ՝ համապարփակ կարգավորման հասնելու նպատակով, հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԺ-ում ԼՂ-ի անկախության ճանաչման նախաձեռնությունը: «Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում ԼՂ-ն: ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում: Մենք կոչ ենք անում կողմերին կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար», ասել է Թոները: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը առաջնորդվում է ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներով, միևնույն ժամանակ ընդգծելով. «Այս ամենը, սակայն, պետք է մշակվի Մինսկի խմբի համատեքստում: Գոյություն ունի գործընթաց, որը պետք է հարգեն բոլոր կողմերը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ ԼՂ հակամարտության կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարի մասին համաձայնագիրը՝ հասնելու համար հակամարտության բազմակողմ, խաղաղ կարգավորմանը. «Դա ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի դիրքորոշումն է: ԼՂ հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»: Ամերիկացի մեկ այլ դիվանագետ` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ը կարևոր է համարում ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը: «Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ են վարում կողմերի հետ, որպեսզի սկսվի խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը: Կարծում եմ, որ ներկա փուլում շատ կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, այնպիսի քայլեր ձեռնարկելուց խուսափելը, որոնք կարող են էլ ավելի լարել իրավիճակը: Իրավիճակը գտնվում է պետքարտուղար Ջոն Քերիի ուշադրության կենտրոնում: Միևնույն ժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը առաջարկում է բոլոր ջանքերը գործադրել լարվածության նվազեցման և խաղաղ համաձայնագրին հասնելու համար: Համարում եմ, որ բոլորը պետք է ջանքեր գործադրեն հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա: Ամերիկացի փորձագետները` ծանր սպառազինության, սահմանագծում միջադեպերի ավելացման մասին Ամերիկյան Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը 2015թ. զեկույցում անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ այն բնորոշում է ակտիվ, իսկ բանակցությունները՝ հիմնականում անարդյունավետ, բռնությունների սրացման և «երկու կողմերի ռազմատենչ հռետորաբանության» ֆոնին: Հակամարտության գոտում անվտանգության իրավիճակը հստակորեն ցույց է տվել վատթարացման նշաններ, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումներում կամ գործակցության հարցերում փոփոխությունը փոքր է եղել, արձանագրում են փորձագետները: Երկու երկրները սկսել են միմյանց մեղադրել կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, նշում են զեկույցի հեղինակները, հավելելով, թե դա դժվարություններ է ստեղծում դրսի ուսումնասիրողների համար՝ հետազոտելու բռնարարքների ծավալները և դրանց ազդեցությունը քաղաքացիական անձանց վրա: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը նշում է, որ 2015-ին երկու մտահոգիչ միտում է արձանագրվել՝ կողմերը ավելի ու ավելի են ապավինում ծանր սպառազինություններին, ինչպես նաև ավելացել են սահմանային գոտում «չվիճարկելի վայրերում» տեղի ունեցող միջադեպերը: Զեկույցը համառոտ անդրադարձել է 2015-ի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրված բախումներին, զոհերի թվի մասին կողմերի հայտնած տվյալներին և փոխադարձ մեղադրանքներին: Մոսկվան շեշտում է` ԼՂ ճակատագիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այժմ մշակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում, սակայն ստույգ ժամկետների մասին հայտարարելը վաղ է: «Ինձ հայտնի է, որ այժմ մշակվում է այդպիսի հնարավոր հանդիպում: Հանդիպման ստույգ ժամկետի, տեղի մասին որոշում ընդունված չէ: Ներկայում կողմերը շփման մեջ են հենց նրա համար, որպեսզի հասկանան, թե ինչպիսին կարող է լինել այդ հանդիպումը, և ամենագլխավորը՝ թե կոնկրետ ինչ արդյունքի կարող է այն հանգեցնել: Ուստի վաղ է խոսել ստույգ ժամկետի մասին: Սակայն ևս մեկ անգամ ասենք, որ այն մշակվում է բավական ակտիվորեն: Խոսքը, հավանաբար, առաջիկա շաբաթների մասին է: Ձևաչափի մասին ընդհանրապես վաղ է խոսել»,- ասել է Զախարովան: Զախարովան նաև փաստել է, որ Մոսկվան հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Հաստատում ենք, որ որպես միջազգային միջնորդ պատրաստ ենք ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ համատեղ կողմերին ցուցաբերել ամեն տիպի աջակցություն՝ այդ նպատակի (բանակցությունների) իրագործման համար: Այդ թեման ոչ մի տեղ չի չքանում ԱԳՆ օրակարգից, նախարարության ղեկավարության մակարդակից, դրան հատկացվում է առաջնային նշանակություն տվյալ ժամանակահատվածում»: Թամար Բագրատունի

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am