Թուրքական ցնցումը. Die Welt
Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Բոսֆորում՝ կարելի է անվանել «ապագային ուղղված շրջադարձ դեպի անցյալ»: Նման հակասություններից գլուխ հանելու ունակ «ուժեղ մարդը» Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նա Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդն է, նախագահը և գլխավոր գաղափարախոսը, որ ձգտում է օգտագործել Աթաթուրքի ներմուծած աշխարհիկ ավանդույթները որպես նորարարության քարշող ձի, «մաքրել» Թուրքիայի հիմնադրումից գոյություն ունեցող մութ պետությունը և օգտագործել այն որպես տեխնոկրատական գործառույթ: Միաժամանակ, նա ցանկանում է ԵՄ-ի համար մնալ որպես անհրաժեշտ երկիր՝ ավելի շատ ելնելով տնտեսական և տեխնիկական բնույթի պատճառներից, քան ժողովրդավարությանը ձգտելու մղումներից: Նա, ով ապագայում Էրդողանի հետ բանակցություններ պետք է վարի, պետք է ամուր նյարդեր ունենա՝ հաշվի առնելով, որ Թուրքիան իրավական պետություն չէ, և այնտեղ բացակայում են խոսքի ազատությունը և այն, ինչ ընդունված է անվանել «արևմտյան արժեքներ»: ԵՄ-ի անդամ բոլոր երկրների համար, առաջին հերթին Գերմանիայի համար կարևոր է, թե ապագայում Թուրքիայում ի՞նչ ավանդույթներ կարմատանան, որքա՞ն կանխատեսելի կլինի Անկարայի կառավարությունը, աշխարհաքաղաքական ի՞նչ նպատակների համար այդ երկիրը կձգտի օգտագործել երեք մայրցամաքների միջև առկա իր դիրքը, և վերջապես՝ միգրացիոն ճգնաժամի համատեքստում խնդիրների՞, թե՞ դրանց լուծումների մաս կդառնա նա: Առևտրի քաղաքականության մեջ Էրդողանը անգերազանցելի վարպետ է: Կհաստատվի՞ արդյոք կայունություն Կովկասից մինչև Սինա, թե՞ ցնցումները կշարունակվեն և կհանգեցնեն եվրոպացիների ամենահամարձակ հույսերի փլուզմանը: Բրյուսելի և Բեռլինի համար այս հարցը շատ կարևոր է, և դրա պատասխանը կարևոր նշանակություն ունի Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի համար: Վերջին հակամարտությունները երեկ չեն ծագել: Այն, ինչին ձգտում է Էրդողանը՝ առանց «քեմալիզմի» ուժեղ պետությունն է, բարեկեցության արևմտյան մակարդակը՝ առանց արևմտյան արժեքների և ղեկավարվող ժողովրդավարությունը: Միաժամանակ նա ուզում է «բուժել» Թուրքիան նրա «ծննդյան շրջանի վնասվածքից»՝ Օսմանյան կայսրության, խալիֆաթի և ավանդական բարեպաշտության փլուզման հետևանքներից, ինչպես նաև օգուտ քաղել «վերևից հեղափոխությունից», որի օգնությամբ Քեմալ փաշա Աթաթուրքը «Բոսֆորի հիվանդ ծերունուն» վերածեց ժամանակակից պետության»: Երբ «ամբողջ հասակով» կանգնում է ժառանգության հարցը, ամեն տեղ են վեճեր ծագում, սակայն ոչ մի տեղ դրանք այնքան հիմնային, անկանխատեսելի և բազմակողմանի չեն, որքան Թուրքիայում: Անցյալում են մնացել ժամանակները, երբ Գյոթեի հնչեցրած «Հեռավոր Թուրքիայում» արտահայտությունը նշանակում էր վերացական հակամարտություններ ինչ-որ տեղ՝ աշխարհի ծայրում: Այժմ Թուրքիան իր աշխարհաքաղաքական դիրքի և սեփական Սահմանադրության վիճելի դրույթների շնորհիվ Եվրոպայի մաս է կազմում, սակայն դա չի կարելի ասել մնացած բոլոր գործոնների վերաբերյալ:
