Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը կարող է վերանալ. Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, Հայելի ակումբում լարգրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հնչող կարծիքներին, թե ՄԽ համանախագահների ինստիտուտը կվերանա, ասաց, որ այն, իրոք, կարող է վերանալ. «Բայց առանց այդ էլ դա չգործող մեխանիզմ է, և հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանը, որը տարիներ շարունակ քննադատում է, թե ոչինչ չի անում այդ կազմակերպությունը, հիմա վայնասում է բարձրացրել»: « Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցն ավելի շատ ունի պրոպագանդիստական նյուանս՝ վախեցնել մեծ պետություններին, որ նման բան էլ գոյություն ունի, որ մենք կարող ենք ճանաչել Ղարաբաղը:Արցախի անկախությունը մենք վաղուց պետք է ճանաչած լինեինք, այսքան արյուն երևի չթափվեր: Բայց չեմ կարծում, որ այսօր ճանաչելու դեպքում իրավիճակը կարող է փոխվել: Առաջին հարցը պետք է լինի՝ Ղարաբաղը մտցնելը բանակցային գործընթացի մեջ: Սա հարցերի հարցն է: Եթե մենք նման մտադրություն ունեինք,ապա այս 22 տարիներին մենք պետք է գոնե մեկ տասնյակ երկրների նախապատրաստած լինեինք սրան, որպեսզի առաջինը ԼՂՀ կարգավիճակը մենք չճանաչեինք»,-հայտարարեց նա: Արման Նավասարդյանը վստահ է՝ պատերազմը Ռուսաստանի շահերից չի բխում, քանի որ, ըստ նրա՝ Ռուսաստանն ամենևին ցանկություն չուներ և չունի դուրս գալու տարածաշրջանից. «Ռուսաստանի հետ ռազմավարական առումով մեր շահերը համընկնում են, մարտավարական առումով՝ ոչ: Ինչ վերաբերում է լայնամասշտաբ պատերազմ սկսվել-չսկսվելուն, ապա մեծ պատերազմ չի լինի, սակայն կլինի տարածքային ձևաչափումների փոփոխություն: Ինչպես ասում են՝ դիվանագիտությունն այսօր լռել է, այժմ խոսում են թնդանոթները»:
