Հարված փախստականների ճամբարին.տասնյակ մարդիկ են սպանվել
BBC-ն հայտնում է ,որ Սիրիայում փախստականների ճամբարին հասցված հարվածի հետևանքով տասնյակ մարդիկ են սպանվել: Զոհերի մասին ճշգրիտ տեղեկություններ դեռ չկան, սակայն ակտիվիստները պնդում են, որ զոհվել է նվազագույնը 30 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ: Թե հատկապես ով է ավիահարվածի հեղինակը, դեռ հստակ հայտնի չէ: ԱՄՆ-ի և Ռուսաստանի ճնշման ներքո սիրիական զորքերը և ապստամբները նույնպես համաձայնել էին ժամանակավոր զինադադարին Հալեպ քաղաքում, որն ավելի վաղ ներառված չէր «լռության ռեժիմում»: Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել փետրվարին: Այն չի տարածվում ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների վրա: Վերջին շրջանում պայմանավորվածությունները սպառնալիքի տակ էին հայտնվել Հալեպի շրջանում թեժ մարտերի պատճառով, որտեղ երկու շաբաթում մոտ 300 մարդ էր սպանվել: ՄԱԿ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ եթե սիրիական զինադադարը ձախողվի, հետևանքներն աղետալի կլինեն: Մասնավորապես, ըստ կազմակերպության, շուրջ 400 հազար մարդ ապաստան որոնելու նպատակով կուղևորվի Թուրքիա: «Կամունա» ճամբարը գտնվում է Սարմանդ քաղաքի 4 կմ և թուրքական սահմանից 10 կմ հեռավորության վրա:
