Տարկետման իրավունքը վերացնելու նախագծի քննարկումը հետաձգվեց
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն օրակարգից հանեց՝որպես հիմնավորում նշելով այն հանգամանքը, որ առաջարկությունն ընդունվելու պարագայում բարձրագույն կրթություն ստանալ, իսկ այնուհետև գիտությամբ զբաղվել ցանկացողների համար իրապես կապահովվի հավասար մեկնարկային հնարավորություն: «Նախաձեռնությունը, որ ինքը և պատգամավոր Թևան Պողոսյանը դեռևս մեկ տարի առաջ ներկայացրել են, շատ կարևոր նշանակություն ունի:Մենք կարևորում ենք այս նախաձեռնությունը, սակայն այս պահին ես առաջարկում եմ զերծ մնալ քննարկումից, քանի որ կառավարությունն այս հարցով նախապատրաստում է մեծ փաթեթ, որը ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Որպեսզի հակասություններ չլինեն, մենք՝ նախաձեռնության հեղինակներս, որոշում ենք կայացրել հանձնաժողովում հարցը չքննարկել ու սպասել կառավարության փաթեթին»,- նշեց Օրենսդրական նախաձեռնության հեղինակ, հիմնական զեկուցող Ռուբիկ Հակոբյանը: Նա հավելեց, որ խոսել է կրթության նախարար Լևոն Մկրտչյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ, ովքեր վստահեցրել են, որ ամենաուշը 10 օրից կառավարության փաթեթը պատրաստ կլինի և կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Ռուբիկ Հակոբյանը դիմեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին՝ օրենսդրական նախաձեռնության քննարկումը հանձնաժողովի նիստի օրակարգաից հանելու հարցով: Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնությունը դուրս է գալիս հանձնաժողովի նիստի օրակարգից, քանի որ նման առաջարկով հանդես են գալիս նախաձեռնության հեղինակները:
