Դժվար է Թուրքիայում հայ լինել. Էլիֆ Շաֆաքի հոդվածը The Guardian-ում
Հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը գրել է. Թուրքիան այսուհետև պարզապես քաղաքականապես բևեռացված երկիր չէ: Այժմ այն ուղղակի բաժանված է երկու մոլորակների. նրանք, ովքեր, անկախ ամեն ինչից, աջակցել են և կշարունակեն աջակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, և նրանք, ովքեր, տարբեր պատճառներից ելնելով, դեմ են նրան: Էրդողանը Թուրքիայի ժամանակակից պատմության ամենաանջատողական քաղաքական գործիչն է: Նա պատմում է, որ նախքան վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալու հետ կապված խառնաշփոթը, Թուրքիայի խորհրդարանում թեժ քննարկման առիթ էր դարձել գրող Օսկար Ուայլդը, ում չիմանալով՝ իշխող կուսակցության անդամներից մեկը շփոթել էր «Օսկար» մրցանակաբաշխության հետ: «Երբ նրանք Ուայլդի մասին չեն վիճում, հարվածներով են փոխանակվում»,- գրում է Շաֆաքը: Նա հիշեցնում է, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, որը կանխամտածված օրենքի փոփոխություն է և կարող է հանգեցնել քուրդ պատգամավորների նկատմամբ դատական գործերի և ձերբակալությունների, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հայազգի պատգամավոր Կարո Փայլանին հարվածել են և ատելության խոսքեր հղել: Փայլանն ասել է. «Նրանք չեն կարող մարսել, որ հայ ինքնությամբ մարդը բացահայտում է նրանց ստերը և չի ընկրկում»: Դժվար է Թուրքիայում հայ լինել: Կամ քուրդ, կամ ալևի, կամ գեյ, կամ հրեա, կամ կին, կամ ցանկացած մեկը, ով չի համաձայնվում այն բաների հետ, ինչ կատարվում է երկրում»,- գրում է Շաֆաքը: Նա նշում է, որ երկրում այլևս չկա բազմազանություն, խոսքի ազատությունը ևս վերացել է: Երկրում իշխում է «նույնականության գաղափարախոսությունը», որը ստեղծվել է թուրքական ազգայնականության, իսլամիզմի և ավտորիտարիզմի կողմից: Վարչապետ Դավութօղլուի հայտարարությունը զարմացրեց բոլորին, նա ասաց, որ իր հրաժարականն ընտրություն չէր, այլ «անհրաժեշտություն»: Գաղտնիք չէ, որ հաջորդ վարչապետը կլինի մեկը, ով ամբողջապես կվերահսկվի Էրդողանի կողմից, ով է՛լ ավելի կկոնսոլիդացնի իր իշխանությունը: Վերջիվերջո, Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել նախագահական ռեժիմի՝ իշխանության մենաշնորհով: Երեք տարի առաջ Գեզի պուրակի ցույցերից ի վեր մարդկանց հաճախ և համակարգված կերպով վախեցրել են: Միջինը յուրաքանչյուր չորս օրը մեկ Թուրքիայում մեկը դատվում է Էրդողանին վիրավորելու համար՝ նախագահ դառնալուց ի վեր մոտ 2000 մարդ, նրանց թվում են արվեստագետներ, լրագրողներ, ծաղրանկարիչներ, գիտնականներ, անգամ՝ ուսանողներ՝ Facebook-ում մեկնաբանությունների համար: Լրատվամիջոցները և սոցիալական մեդիաները խիստ վերահսկողության են ենթարկվում: «Անցյալում մենք սև հումորի ավանդույթ ունեինք: Քաղաքականությունը միշտ կոպիտ է եղել, սակայն մարդկանց համար քաղաքական գործիչների վրա ծիծաղելը նորմալ էր: Այսուհետև` ոչ: Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թուրքիայի բնակիչների միայն կեսն է կարծում, որ նորմալ է հրապարակայնորեն կառավարությանը քննադատելը: Երբ Անգելա Մերկելը թույլ տվեց, որ գերմանացի երգիծաբանի դեմ Էրդողանը գործ հարուցի, դա հստակ ուղերձ դարձավ Թուրքիայի ժողովրդավարներին. «Դուք մեն-մենակ եք»,- նշում է Շաֆաքը:
