ՀՀԿ խոսնակը` Ադրբեջանի կողմից մայիսի 9-ին նոր ագրեսիվ քայլերի հնարավորության մասին
Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի: Այս մասին այսօր «Հանրապետական» կուսակցության գրասենյակում ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`տեղեկացնելով, որ ԳՄ-ում քննարկվել է արցախյան հարցը և արտաքին քաղաքական հարցերի այն սպեկտորը, որն այսօր քննարկվում է ամբողջ հասարակության կողմից: Մասնավորապես, ի պատասխան հարցի, թե հասարակության մեջ քննարկվում է, որ մայիսի 9-ին` Շուշիի գրավման օրը, Ադրբեջանը կարո՞ղ է դիմել նոր սադրանքների, Էդուարդ Շարմազանովը, հիշեցնելով, որ երեկ ԱԺ-ում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որի հետ պատգամավորները պարզ ու անկաշկանդ զրույց են ունեցել, նկատեց.«Մի բան պարզ է, որ քանի դեռ բանակցությունները չեն սկսվել, քանի դեռ Ադրբեջանն իրականացնում է ցանկացած կուտակումներ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Ես չեմ այն պաշտոնյան, որ ասեմ` նման գործողություններ սպասվու՞մ են, թե՞ ոչ: Ես չեմ կարող այս պահին խոսել Ադրբեջանի ծրագրերի մասին»: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ չնայած սրանք, հայկական կողմերը` ՀՀ-ն ու ԼՂ-ն, բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:
