Գնդակն Ադրբեջանի դաշտում է. Է. Շարմազանով
Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմին նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստ ընթացքում ՀՀԿ-ականները քննարկել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հացրեր, հիմնականում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցերին: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ երեկ պատգամավորների հետ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ պարզ է, որ քանի դեռ բանակցությունները չեն սկսվել եւ սահմանին տեղի են ունենում կուտակումներ, պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: «Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասեմ՝ ռազմական գործողություններ սպասվում են, թե չեն սպասվում, բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ձգտում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մեկ անգամ նա տապալվեց, մեկ անգամ ադրբեջանական ծրագիրը ձախողվեց: Այս պահին ես չեմ կարող խոսել Ադրբեջանի ծրագրերի մասին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ կառավարության այսօրվա որոշմանը՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել ԱԳՆ-ի ներկայացրած եզրակացությանը, որտեղ էլ նշված է, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը կախված է Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարությունների քննարկումներից՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները: «Այսինքն՝ ՀՀ նախագահի հստակ արտահայտած կարծիքն առ այն, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանն սկսի պատերազմ մնում է ուժի մեջ»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ նշելով, որ գնդակն Ադրբեջանի դաշտում է, եւ եթե իրենք փորձեն խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ապա ՀՀ-ն կիրականացնի այն քայլերը, որի մասի խոսել է Սերժ Սարգսյանը:
