Նոր ռազմական տրիբունալ`Հաագայում
2016-ին Հաագայում կսկսի գործել Կոսովոյի անկախության պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունները հետաքննող ռազմական տրիբունալ: «Նախարարների կաբինետը համաձայնել է Եվրամիության խնդրանքին՝ Նիդերլանդներում հիմնելու Կոսովոյի հարցով տրիբունալ»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ դատարանը կզբաղվի 1999-2000թթ. էթնիկական փոքրամասնությունների և քաղաքական հակառակորդների դեմ իրականացված ծանր հանցագործությունների հետաքննությամբ, որոնց մեջ կասկածվում են Կոսովոյի ազատագրության բանակի մասնակիցները: Դրա պաշտոնական անվանումն է Kosovo Relocated Specialist Judicial Institution: Կոսովոյում բանակի նախկին մարտիկների նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն, շատերը նրանց հերոսներ են համարում, ուստի կարող են խոչընդոտել դատարանի աշխատանքներին՝ վկաների վրա ճնշում գործադրելով: Այդ պատճառով էլ տրիբունալը պետք է տեղակայվի այլ երկրի տարածքում:
