Պուտինի ապագան. Իրարանցում ու թոհուբոհ ԵԽԽՎ-ում

Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին 96 «կողմ», 44 «դեմ», 7 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԵԽԽՎ Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Թինի Քոքսի ներկայացված զեկույցը: Հայկական պատվիրակության անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Սոս Ավետիսյանը, Էդմոն Մարուքյանն ու Միքայել Մելքումյանը կողմ են քվեարկել զեկույցին:

Ըստ aravot.am-ի` փաստաթուղթն այն մասին է, թե որքանով է Ռուսաստանը կատարում իր պարտավորությունները: Այս զեկույցի չհաստատման դեպքում ռուսական պատվիրակությունը կրկին կբացակայեր Վեհաժողովից: Ուկրաինացի պատվիրակ Օլեկսի Գոնչարենկոն հայտարարել է. «Այս զեկույցում Վրաստան կամ Ղրիմ բառերը չկան, փոխարենը կա գովասանք, թե որքան են օգնել Ռուսաստանի վճարած գումարները Վեհաժողովին: Սա առևտուր է»: Վեհաժողովը քննարկեց ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը առարկայական հարցերով՝ հիմնվելով մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցի վրա:

Ներկայացված զեկույցով մարտահրավեր է նետվել ԵԽԽՎ ռուսական պատվիրակությանը դեռևս չհաստատված հավատարմագրերի առնչությամբ: Նշենք, որ հիմնականում ելույթների համար հերթագրվել էին ուկրաինացի, վրացի և ռուս պատվիրակները: Քննարկվում էր հարցը՝ արդյոք Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները, ԵԽԽՎ բանաձևերը, թե՝ ոչ:

Այն անցավ՝ թեժ պայմաններում: Ուկրաինացի պատվիրակներն իրենց ելույթներում մեջբերել են ԵԽԽՎ մի շարք բանաձևեր, որոնք նրանց խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է արհամարհել: Ուկրաինացի պատվիրակ Ելիզավետա Յասկոն հիշեցրել է, թե ինչ վիճակում են գտնվում Ղրիմի թաթարները, ինչպիսի ճնշումներ են իրականացվում նրանց նկատմամբ, հայտարարեց, որ Ռուսաստանում քաղաքական բանտարկյալների թիվը միայն աճում է: Վրացիները Ռուսաստանին «օկուպանտ» անվանեցին: Ուկրաինացի պատվիրակները Թինի Քոքսին մեղադրեցին, որ նա պրոռուսական պատվիրակ է: Իսկ Ուկրաինացի պատվիրակներից Օլեքսի Գոնչարենկով, հիշեցնելով, որ Ռուսաստանը ԵԽԽՎ-ին վճարել է 70 միլիոն եվրո, հայտարարել է. «Սա առևտուր է՝ 25 միլիոն օրենքի գերակայության համար, 25 միլիոն մարդու իրավունքների և 25 միլիոն ժողովրդավարության համար: Ստացվում է, որ այս կազմակերպությունը վաճառքի է հանում հիմնական արժեքները»:

Ելույթների ընթացքում ուկրաինացի պատվիրակներից մի քանիսը հարվածել են սեղաններին, գոռացել, խանգարել նիստի ընթացքը:

Մինչդեռ Թինի Քոքսի զեկույցն ի տարբերություն ելույթների՝ ավելի մեղմ է եղել: Այդ է պատճառը, որ ուկրաինացի և վրացի պատվիրակները հորդորել են «դեմ» քվեարկել դրան: Զեկուցողը շեշտել է, որ երկխոսությունը վերսկսվել է, և Մոնիտորինգի հանձնաժողովը պետք է շարունակի իր աշխատանքը ՝ կապված ՌԴ-ի, համազեկուցողները պետք է կատարեն փաստահավաք այց և առաջին իսկ առիթի դեպքում պատրաստեն համակողմանի զեկույց: Զեկույցում նաև պահանջ կա, որ Մոնիտորինգի հանձնաժողովը ուշադիր հետևի ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումներին ՝ նպատակ ունենալով գնահատել, թե արդյոք նոր սահմանադրական փոփոխությունները համապատասխանո՞ւմ են ժողովրդավարական չափանիշներին և ՌԴ ստանձնած պարտավորություններին: Հետևաբար` զեկուցողն առաջարկել էր, որ Վեհաժողովը վավերացնի ԵԽԽՎ ռուսական պատվիրակության հավատարմագրերը: Ռուս պատվիրակներն իրավունք չունեին մասնակցելու այս քվեարկությանը:

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Վենետիկի հանձնաժողովին է դիմել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ ազգային իրավունքի միջազգային իրավունքի նկատմամբ գերակայության մասին փոփոխություն կատարելու ՌԴ իշխանությունների մտադրությանը գնահատական տալու խնդրանքով։ Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Վերջինս նշել է նաև, որ իրեն անհանգստացնում է այն փաստը, որ Ռուսաստանը միակ երկիրը չէ, որտեղ բարձրաձայնվում են նման գաղափարներ:

Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը, որը Պեդումայում Սահմանադրության բարեփոխումներին առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել, պատրաստել է Սահմանադրության մեջ իր փոփոխությունները: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է կուսակցության կենտկոմի փոխնախագահ Դմիտրի Նովիկովը: Կոմունիստները, մասնավորապես, առաջարկում են Սահմանադրությամբ նախատեսել կենսաթոշակային նախկին տարիքը և Դաշնության խորհրդի ուղիղ ընտրություններ: Նրանք նաև անհրաժեշտ են համարում, որ Հիմնական օրենքում ամրագրվեն ընդերքը ժողովրդին պատկանելու նորմերը։ Նովիկովն ասում է, որ կոմունիստների դիրքորոշումը երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ կախված կլինի այն հանգամանքից, թե այս առաջարկները փոփոխությունների մեջ կլինեն, թե ոչ։

Սահմանադրության փոփոխությունների աշխատանքային խումբը, որում ներգրավված են ոչ միայն իրավագետներ, այլ նաև հայտնի մարզիկներ, դերասաններ և երաժիշտներ, աշխատում է օրինագծի երկրորդ ընթերցման մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

«Կոմերսանտի» տվյալներով՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ աշխատանքային խումբը հանդես է եկել ավելի քան 100, երբեմն անհեթեթ առաջարկներով, մասնավորապես, Սահմանդրությունում ավելացնել կետ, որում նշված կլինի, որ Ռուսաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած պետություն է, որ Ռուսաստանն ուղղափառ պետություն է։ Հնչել է նույնիսկ առաջարկ՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը հանել և փոխարենը սահմանել Ռուսաստանի կառավարչի պաշտոնը։ Ընդ որում, Ռուսաստանի Գերագույն կառավարչի պաշտոնը ժամանակավոր էր, այն հեղափոխության տարիներին 16 ամիս զբաղեցնում էր «Սպիտակ շարժման» առաջնորդներից մեկը՝ ծովակալ Ալեքսանդր Կոլչակը, ում բոլշևիկները հետո գնդակահարել էին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, հրաժարվել էր նույնիսկ մեկնաբանել այս առաջարկը։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային ներկայացրեց հունվարի 15-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հնչեցրած Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին նախագիծ, որը Պետդուման առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց:

«Ազատությունը» հիշեցնում է, որ հունվարի 15-ին Պուտինի ուղերձից երկու ժամ անց վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անսպասելի հայտարարեց կառավարության հրաժարականի մասին, նույն օրը երեկոյան Պուտինը հայտարարեց նոր վարչապետի՝ Միխայիլ Միշուստինի անունը, ում շատ արագ Պետդուման հաստատեց այդ պաշտոնում։ Արագ ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խումբ, հետո պարզվեց, որ փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստել է նախագահի աշխատակազմը, Պետդուման էլ առաջին ընթերցմամբ շատ արագ այդ փաթեթը միաձայն ընդունեց։ Այսօր նախապատրաստվում են փոփոխություններ այդ փաթեթում, որոնք սակայն փորձագետների գնահատմամբ՝ էական չեն լինի։

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ Պուտինի սահմանադրական փոփոխությունների փաթեթը զգալիորեն փոխում է Ռուսաստանի կառավարման համակարգը. նախագահի մի շարք լիազորություններ անցնում են խորհրդարանին՝ Պետդումային և Դաշնային խորհրդին, մյուս կողմից նախագահը դատավորներին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորներին պաշտոնից հեռացնելու իրավունք է ստանում։ Սակայն հիմնական փոփոխությունը, որ քննարկվում է այսօր ռուսաստանյան քաղաքական շրջանակներում, Պետական խորհրդին սահմանադրական կարգավիճակ տալու մասին կետն է։ Ընդ որում, ինչ լիազորություններ և գործառույթներ է ունենալու այդ մարմինը, հայտնի չէ, այս մասին նշված է լինելու դաշնային հատուկ օրենքում, որը պետք է ընդունեն սահմանադրական բարեփոխումները ընդունելուց հետո։ Փորձագետների մեծ մասը համարում է, որ Պուտինը մտադիր է 2024 թվականից հետո, երբ լրանա իր նախագահության չորրորդ ժամկետը, զբաղեցնել Պետխորհրդի ղեկավարի պաշտոնը։ Շատերը սա նմանեցնում են ղազախական սցենարին, երբ անսահման իշխանություն ունեցող 80 անց առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ինքնակամ հեռացավ պաշտոնից, բայց ոչ քաղաքականությունից՝ պահպանելով Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1359 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am