Դավութօղլուի հրաժարականից Հայաստանի համար ոչինչ չի փոխվի.Չաքրյան
«Երեկ գիշերը հայտնի դարձավ, որ շատ շուտով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական կտա:Այսօր Դավութօղլուն կհայտարարի, որ մայիսի 28–ին իրենց կուսակցության նիստում նա չի առաջադրվելու, ինչը փաստացի նրա հրաժարականի մեղմ ձեւն է»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Էրդողան-Դավութօղլու անակնկալ հանդիպումից հետո: Ըստ թուրքագետի՝ Դավութօղլուի հրաժարականը պարտադրվել է Էրդողանի կողմից: Մեր հարցին, թե նրա հրաժարականը ինչպես կանդրադառնա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա՝ թուրքագետը նշեց. «Որեւէ բան չի փոխի, որովհետեւ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները համարում է ազգային խնդիր, իսկ այդպիսի խնդիրներում պետական քաղաքականություն է վարվում, եւ կառավարությունը չի կարող այդ քաղաքականության ընթացքը շեղել: Որեւէ բան կփոխվի, եթե Թուրքիան Ադրբեջանում դիրքեր ամրապնդելու եւ դրանով Կովկասում իր ազդեցությունը տարածելու նկրտումներից հրաժարվի, ինչպես նաեւ՝ Մեղրիի միջանցքը Ադրբեջանին կցելու մտադրությունից»: « Կարո Փայլանի վրա հարձակումը լուրջ հետեւանքներ կունենա:Կարոյի կուսակցության պատգամավորների գլխին անձեռնմխելիությունից զրկվելու եւ ձերբակալվելու սպառնալիք կա: Էրդողանը բազմիցս սպառնացել է նրանց, եւ եթե նա մի բան ասում է իր երկրի ներսում, ապա անում է»,ասաց Չաքրյանը:
