Արցախի Հանրապետության ճանաչմամբ նոր ագրեսիա կհրահրվի՞
Զարուհի Փոստանջյանը կառավարության մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Արցախի Հանրապետության ճանաչմամբ մենք աշխարհում դառնում ենք քաղաքական գործոն, իսկ քաղաքական գործոնի հետ արդեն և՛ բանակցում են, և՛ քաղաքական գործոնն ուժային դիրքերից է հանդես գալիս, մինչդեռ այս պարագայում մենք բավական թույլ իրավիճակում ենք:Կարող եմ ասել, որ կառավարությունը, ըստ էության, դրական եզրակացություն տվեց նախագծին»: Անդրադառնալով հարցի վերաբերյալ խորհրդարանի վերաբերմունքին, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ժամանակի ընթացքում խորհրդարանը ցույց կտա իր վերաբերմունքը»: Պատգամավորի խոսքով՝ Արցախի Հանրապետության ճանաչումը միանշանակ կանխարգելելու է նոր խնդիրները: «Տեսեք, տեղի ունեցավ ագրեսիա, ագրեսիան համապատասխան ձևով չդատապարտվեց, և մենք պարտավոր ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը, այլընտրանք չունենք»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: Հարցին, թե Արցախի Հանրապետության ճանաչմամբ նոր ագրեսիա չի հրահրվի, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Ագրեսիան դրանով պայմանավորված չէ, մենք տեսանք, որ ապրիլյան իրադարձությունները մեզ ապացույց են, որ ագրեսիան այդ պետության կողմից բացարձակ օրակարգից դուրս չէ, այլ հակառակը, նրա օրակարգի բաղկացուցիչ մասն է: Բացի այն, որ նրանք ագրեսիա բանեցնող են, նրանք մարդկության դեմ կատարեցին հանցագործություններ: Ինչպես 100 տարի առաջ, ինչպես 25 տարի առաջ այդ հանցագործությունը չի դատապարտվել, դրա հետևանքն էր նաև ապրիլյան այս պատերազմական գործողությունները: Մենք հույսներս պետք է դնենք մեր վրա»:
