Պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը. Գուրգեն Եղիազարյան
Պե՞տք է Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը։ Այս հարցի շուրջ այսօր բանավիճեցին ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջինս այն կարծիքին է, որ պետք չէ բաց թողնել պահը. առաջիկա 15 օրվա ընթացքում պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը։ «Պահն է դա անել, քանի որ Ադրբեջանն անցավ ռուբիկոնը, հարձակվեց խաղաղ բնակչության վրա՝ մի կողմ շպրտելով միջազգային նորմերը։ Եթե Ադրբեջանը հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը, ապա մենք ինչու՞ պետք է հաշվի առնենք։ Եթե պահը կորցրեցինք, հետո դժվար է լինելու ընդունել Արցախի անկախությունը»,-ասաց նա։ Ասուլիսին ներկա՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այլ կարծիքի է։ Ըստ նրա՝ ճանաչելով Արցախը, մենք խաչ ենք քաշում բանակցային գործընթացի վրա. «Կարծում եմ, որ Հայաստանում եւ աշխարհում չես գտնի մի հայ, որը դեմ կլինի Արցախի ճանաչմանը, մենք իսկապես պետք է ճանաչենք այն։ Բայց դեռեւս ժամանակը չէ, որ աշխարհին ասենք, թե անելիք չունենք, եւ բանակցությունները մի կողմ ենք դնում։ Այսօր ժամանակը չէ»։
