Դավիթ Բաբայան. «Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի անկախությունը»
«Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը», – այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Հայաստանի կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի ընդգրկմանը։ «Դա կարող է տեղի ունենալ միայն եթե Ադրբեջանը կրկին սանձազերծի պատերազմ, այդ ժամանակ արդեն այլընտրանք պարզապես չի լինի», – ասաց Բաբայանը: Հայաստանի Հանրապետության հետ միասին, ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ստեփանակերտն աշխատում է Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ, և արդեն, ըստ Բաբայանի, շոշափելի արդյունքներ ունի։ «Միայն 2016 թվականին ԱՄՆ-ի երկու նահանգներ ճանաչել են անկախությունը, և այս հաղթարշավը, կարծում եմ, ապրիլյան այս պատերազմից հետո կստանա նոր որակ», – ասաց Բաբայանը։ Պաշտոնական Բաքուն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է, մասնավորապես, թե «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ Երևանը վերջ կդնի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացին, և Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային հանրությունը պետք է համարժեք պատասխանեն նման սադրիչ գործողություններին»։ Երեկ արձագանքելով Բաքվի հայտարարություններին՝ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, մասնավորապես, ասել է. – «Այս պահին Հայաստանում հետևում են Ադրբեջանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների զառանցանք-հայտարարությունների շքերթին, որոնք զարմանքից բացի միայն զվարճանք կարող են առաջացնել»: Նա նաև հայտարարել է. – «Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»։
