Համաձայնություն՝ Ասադի հետ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմն ու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները համագործակցում են միմյանց հետ։ Նման եզրակացության են եկել բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողները։ Նրանց հետաքննության արդյունքները հրապարակվել են մայիսի 3-ին։ Ընդհանուր առմամբ հեռուստաալիքի տրամադրության տակ է հայտնվել մոտ 22 հազար գաղտնի փաստաթուղթ։ Մասնավորապես, ահաբեկիչները ճիշտ ժամանակին են իրենց գրոհայիններին ու սպառազինությունը դուրս բերել այն շրջաններից, որոնց վրա պատրաստվել են հարձակվել Ասադի զորքերը։ Այդ գործողությունները համաձայնեցվել են սիրիական բանակի և ռուսական օդուժի հետ։ Նման պայմանավորվածությունների մաս է եղել իբր Պալմիրայի անցումը կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Բացի այդ, լրագրողները հայտնել են, որ Ասադի և ԴԱԻՇ-ի միջև գոյություն ունեն նավթի առևտրի մասին պայմանավորվածություններ։ Հեռուստաալիքն ընդգծել է, որ որոշ թարմ փաստաթղթերի իսկության հաստատումն անհնարին է, սակայն բոլոր նախկին արտահոսքերը, որոնք ստացել են լրագրողները նույն խողովակներով, արդյունքում հաստատվել են:
